ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՊՆ նախարարի հրահանգով դիմում է գնացել ՀՀ քննչական կոմիտե, և դիմումով ՊՆ-ն նախաքննական մարմնից կոնկրետ տվյալներ է պահանջել, թե բանակում քանի ինքնասպանության դեպք է եղել, և քանի դեպք է արձանագրվել ինքնասպանություն քաղաքացիական կյանքում։ Իրավապահները այս դիմումի նպատակը ներքին կարգով ցանկացել են պարզել, և նրանց բացատրել են, որ այս քայլով ցանկանում են ցույց տալ, որ բանակը հասարակության հայելին է, ու քաղաքացիական կյանքում ևս ինքնասպանություններ են լինում, որոնք, ի տարբերություն բանակի դեպքերի, ավելի շատ են, բայց պակաս աղմկոտ։
«Ժողովուրդ»-ը իրավապահների իր աղբյուրներից պարզեց, որ իրավապահները ներքին խոսակցություն են ունեցել այն մասին, որ վերջին շրջանում բանակում արձանագրված դեպքերի մեծ մասը կապված են բանակում տիրող բարքերի հետ, որոնք զինվորներին հասցնում են ինքնասպանության, և այդ դեպքերով կոնկրետ անձինք են կալանավորվել։ Ավելին՝ շատ քիչ տոկոս են կազմում դեպքերը, որոնք կապված են անձնական կյանքի հետ։ Ու դեռ ավելին՝ իրավապահները զինված ուժերին բացատրել են, որ բանակում զինվորները սահմանափակված են իրենց գործողությունների մասով, մինչդեռ քաղաքացիական կյանքում մարդիկ ազատ են իրենց քայլերում։
Ինչևէ, նախաքննական մարմինը այս ժամանակահատվածում զինվորների դեպքերի մասով տվյալներն է հավաքագրում, որ ներկայացնի ՊՆ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։