«Պուտինի երթուղին» կարող է վերափոխել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է կրկին խիստ արդիական դարձնելով տարածաշրջանում երկաթուղային հաղորդակցության ապաշրջափակման հարցը։ Այդ մասին հայտարարել է Երևանի պետական համալսարանի Ռուսագիտության կենտրոնի տնօրեն Արամ Սաֆարյանը, գրում է eadaily.com–ը։ Հայտարարությունն արվել է Երևանում կայացած «Հարավային Կովկասում տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարները» խորագրով փորձագիտական համաժողովի ընթացքում։
Ըստ Սաֆարյանի Աբխազիայի տարածքով Թբիլիսիի և Մոսկվայի միջև երկաթուղային կապի ապաշրջափակման շուրջ քննարկումներն սկսվել էին դեռևս 2016 թվականին, սակայն նախաձեռնությունը առաջընթաց չի գրանցել։ «Գործընթացը կանգ առավ։ Այն կանգ առավ, քանի որ հանգամանքներն այլ էին, և քանի որ Հարավային Կովկասում քաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակը բոլորովին այլ էր»,–նշել է Սաֆարյանը։
Այս ֆոնին հանդես է եկել Վլադիսլավ Գասումյանովը՝ Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (NIIRK) տնօրենը, տնտեսագիտության դոկտորն ու պրոֆեսորը։ Նա իր առաջարկը ներկայացրել է ՌԴ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո հրատարակվող «Մեժդունարոդնայա ժիզն» ամսագրում տպագրված վերլուծական հոդվածում։ Նախաձեռնությունն ստացել է «Պուտինի երթուղի» անվանումը։ Սաֆարյանը նշել է, որ Գասումյանովն առաջարկում է վերականգնել երկաթուղային (և հնարավոր է ավտոմոբիլային) կապը Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի միջև Սև ծովի ափի երկայնքով։ Այս հայեցակարգի համաձայն երթուղին հետագայում կարող է ընդլայնվել անցնելով Նախիջևանի, Ջուղայի և Իրանի տարածքով ու հասնելով մինչև Թեհրան։
Սաֆարյանն առանձնացրել է նաև Գասումյանովի այն միտքը, որ նախաձեռնությունն առաջ մղելու համար կարող են կիրառվել ոչ քաղաքական մեթոդներ, եթե անհրաժեշտ լինի իրական, դրական տեղաշարժ ապահովել Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի միջև երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ոլորտում։ Միաժամանակ, քննարկումը կենտրոնացել է «Պուտինի երթուղին» «Հյուսիս-Հարավ» ռազմավարական տրանսպորտային միջանցը հարցերի շուրջ: Սաֆարյանը նշել է, որ Գասումյանովը «Պուտինի երթուղին» դիտարկում է ոչ թե որպես տրանսպորտային այլ նախաձեռնությունների հետ մրցակցող գաղափար, այլ որպես Հարավային Կովկասի տրանսպորտային և լոգիստիկ ընդհանուր համակարգում այն ինտեգրելու հնարավորություն։
Երկաթուղային հաղորդակցության ապաշրջափակման դեպքում «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կարող է դառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի «առանցքային խաղացող» կապելով տարածաշրջանին առնչվող երկաթուղային հիմնական հանգույցները։ Սաֆարյանի կարծիքով այդ սցենարի դեպքում տարածաշրջանում որպես տրանսպորտային և լոգիստիկ ընկերություն նրա միջազգային նշանակությունը զգալիորեն կաճի։
Նա դա կապել է քաղաքական շրջանակների և որոշում կայացնողների կողմից այն հարցի դիտարկման անհրաժեշտության հետ, թե ինչպես ինտեգրել, համակարգել և համադրել Հարավային Կովկասի տրանսպորտային համակարգի զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնությունները։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am