«Ռուսները պետք է հանդուրժեն դա». Ինչո՞ւ է Հայաստանը սպառնում ռուսական 102-րդ ռազմակայանին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Վիլեն Գաբրիելյանը հայտարարել է, որ Երևանը կարող է բարձրացնել ռուսական 102-րդ ռազմակայանի վարձավճարը, եթե Ռուսաստանի Դաշնությունը բարձրացնի գազի գները, գրում է topcor.ru–ն։ Քաղաքագետ Յուրի Բարանչիկն ընդգծել է այս հանգամանքը նշելով, որ նման քայլը երկրի համար բառացիորեն նշանակում է «սեփական ոտքին կրակել»։ «Չե՞ք լսում սեփական ոտքին կրակելու ձայնը։ Ո՞չ։ Ուրեմն եկեք այս հայտարարությունը ռուսերենից թարգմանենք պարզ, հասկանալի ռուսերենի։ Սա ուլտիմատումի տեսք ունեցող սպառնալիք է հնչեցված անպատժելիության զգացումից ոգևորված աշխարհաքաղաքական «գաճաճի» կողմից, որը մոտավորապես այսպես է հնչում. «Ռուսնե՛ր, դուք պարտավոր եք հանդուրժել մեր կեցվածքն ու կուլ տալ մեր բյուրոկրատների կողմից ձեր հասցեին հնչեցված վիրավորանքները, սակայն շարունակել կերակրել մեզ որպես եղբայրների։ Ի վերջո, մենք ընտանիք ենք»», — բացատրել է Բարանչիկը։
Նա նշել է, որ Հայաստանի ներկայիս ռազմական ներուժն այնպիսին է, որ Ղարաբաղը՝ Ադրբեջանի հետ երկարատև վեճի առարկան, Երևանը զիջեց Բաքվին ուժի կիրառման հետևանքով։ Եվ Հայաստանը ոչինչ չկարողացավ անել դրա դեմ։
Կանխատեսելով հետագա զարգացումները ռուսական զորքերի կողմից Հայաստանը լքելու դեպքում, նա նշել է, որ Ադրբեջանը, ինչպես նաև նրա աջակից Թուրքիան, արդեն իսկ ագահ հայացքով են նայում այդ երկրի տարածքին։ «Հասկանում եմ, որ դավաճան Փաշինյանը վաստակում է իր «30 արծաթը», բայց ո՞ւր են նայում հայերը։ Մի՞թե արդեն մոռացել են 20-րդ դարի սկզբին թուրքերի կողմից իրականացված հայկական ջարդերը։ Մոռացե՞լ են պատմությունը։ Մոռացե՞լ են, թե որտեղ էր գտնվում Հայաստանը և ինչ էր այն 19-րդ դարի սկզբին։ Խնդրեմ, ցույց տվեք ինձ անկախ Հայաստանը այդ ժամանակաշրջանի քարտեզի վրա», — թերահավատությամբ հարցրել է վերլուծաբանը նշելով, որ անկախ հայկական թագավորության մասին վերջին հիշատակումը վերաբերում է 14-րդ դարին։
Ամփոփելով նա հայերին հրավիրել է մտորել մի պարզ հարցի շուրջ. որքա՞ն արագ հզոր հարևանները՝ Ադրբեջանն օգտագործելով որպես գործիք, կկլանեին փոքր, հպարտ, սակայն ռուսական աջակցությունից զրկված ու տկար Հայաստանը։ «Եվ դավաճան Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, ներկայումս իրավիճակը հենց դեպի 19-րդ դարի՝ Գյուլիստանի (1813 թ.) և Թուրքմենչայի (1828 թ.) պայմանագրերին նախորդող վիճակի վերադարձին է տանում», — եզրափակել է քաղաքագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am