Միջնորդները և Խաղաղության խորհուրդը պետք է ճնշում գործադրեն Իսրայելի վրա՝ ստիպելու նրան պահպանել Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը. ՀԱՄԱՍ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիջնորդները և Խաղաղության խորհուրդը պետք է ճնշում գործադրեն Իսրայելի վրա՝ ստիպելու նրան պահպանել Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը և հավանություն տալ խաղաղ պլանի երկրորդ փուլին անցմանը: Այսպիսի կարծիք է հայտնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կոչ ենք անում միջնորդներին և Խաղաղության խորհրդին ստիպել Իսրայելին կատարել իր պարտավորությունները Գազայի վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում և հավանություն տալ դրա երկրորդ փուլի իրականացման պլանին», - ասվում է ՀԱՄԱՍ-ի հրապարակված հաղորդագրության մեջ՝ Եգիպտոսի Էլ Ալամեյն քաղաքում կայացած բանակցությունների արդյունքներով:
Արմատականները վերստին հաստատել են, որ համաձայն են իրենց առաջարկված ճանապարհային քարտեզին, սակայն չեն պարզաբանել, թե այն ինչ է ներառում:
Իր հերթին Al Arabiya հեռուստաալիքի աղբյուրները պնդում են, որ ՀԱՄԱՍ-ը ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ բանակցությունների ընթացքում փորձել է հասնել նրան, որ շարժման կողմնակիցների զենքը մնա Գազայում: Սակայն, նշել է հեռուստաալիքը, Վաշինգտոնը պնդում է անկլավից զինամթերքի դուրսբերման հարցում։
Էլ Ալամեյնում կայացած հանդիպումներին, բացի Քուշներից և ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունից, մասնակցել են միջնորդներ Եգիպտոսից, Կատարից և Թուրքիայից, ինչպես նաև Գազայի հարցերով Խաղաղության խորհրդի բարձր ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը: