Հայաստանի հրեաները չեն թաքնվում. պատասխան Աբրահամ Շմուլևիչին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈրպես հրեա լրագրող և բլոգեր, ես նյարդայնացած եմ կեղծ լուրերից, օրինակ, որ Նեթանյահուն տեսանյութում վեց մատ ունի, որ Թել Ավիվը ռմբակոծվել է, և շատ այլ հակասեմական «հեքիաթներ»–ից, որոնք ողողում են սոցիալական ցանցերը, գրում է 9tv.co.il–ն։
Ահա թե ինչու եմ կարևոր համարում պատասխանել քաղաքագետ Աբրահամ Շմուլևիչի «Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ինչո՞ւ են հայերը զայրացած և ի՞նչ վտանգներ կան» հոդվածին։ Իմ կարծիքով, այն հիմնված է նմանատիպ կեղծիքների վրա, և դրա նպատակն է հայերին և հրեաներին միմյանց դեմ հանել այն պատճառով, որ Իսրայելի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Նրանց միմյանց դեմ հանելը Բաքվի, և, հետևաբար, Անկարայի շահերից է բխում, ովքեր սարսափում են ադ ճանաչումից։
Ես արդեն հինգ տարի ապրում եմ Երևանում, այստեղ հիմնադրել եմ «Հրեական տունը Երևանում» և զբաղվում եմ հրեական համայնքի ձևավորմամբ։ Հետևաբար, ես ուզում եմ ճշմարտությունն ասել այն մասին, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում և արդյո՞ք այստեղ հակասեմիտիզմ գոյություն ունի։
Անծանոթ ընթերցողին, ով տեղյակ չէ Հայաստանում տիրող իրական իրավիճակից, Աբրահամ Շմուլևիչի գրված ամեն ինչ կթվա իրատեսական: Այն ներառում է ԱՍԱԼԱ-ի կիսաառասպելական հայ մարդասպաններին, որոնք, իբր, ծրագրում էին ահաբեկչական հարձակումներ հրեաների դեմ, և պատմություններ «նոր հայկական հակասեմիտիզմի» մասին: Այս առասպելները հյուսված են մուսուլմանական հասարակական խմբերի կասկածելի հրապարակումներից և տարբեր տարիների առանձին միջադեպերից, որոնք հանված են համատեքստից և խմբավորված են միասին: Թվում է, թե հեղինակը որոշել է ամփոփել հայոց պատմության ընթացքում տեղի ունեցած ամեն ինչ պարզապես հակասեմական շարունակական սպառնալիքի տպավորություն ստեղծելու համար:
Շմուլևիչը վրդովված է, որ հայերը բավականաչափ երախտապարտ չեն Իսրայելին ցեղասպանությունը ճանաչելու համար: Բայց Հայաստանը նաև հիշում է Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը և հայկական ողբերգության տասնամյակների ժխտումը հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների, որը, այնուամենայնիվ, դարձավ Իսրայելի գլխավոր հակառակորդը տարածաշրջանում: Հայերն իրավունք ունեն զգալ ոչ միայն երախտագիտություն, այլ նաև հիասթափություն այն բանից, թե որքան ուշացած է այդ ճանաչումը:
Հիմա իրականության մասին: Հայաստանն ունի հակասեմական միջադեպերի ամենացածր ցուցանիշներից մեկը: Այո, 2023 թվականին Ռուսաստանից ժամանած սադրիչները փորձեցին հրկիզել Երևանի սինագոգը։ Սակայն այդ ժամանակվանից ի վեր երկրում նմանատիպ ոչ մի միջադեպ չի գրանցվել։ Վերջին տարիներին Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի առաջարկություններում Հայաստանը մշտապես գնահատվել է կանաչ գույնով։
2025 թվականի հոկտեմբերին մենք Երևանի կենտրոնում անցկացրինք Թել Ավիվի Ազգային անվտանգության խորհրդի թանգարանի ցուցահանդես նվիրված հոկտեմբերի 7-ի ողբերգությանը։ Այն անցավ լիովին խաղաղ, և շատ հայեր եկան իսրայելցիներին համերաշխություն հայտնելու։ Հրեաները անվտանգ քայլում են Երևանում, չեն թաքցնում իրենց ինքնությունը և կրում են հրեական խորհրդանիշներ։ Մեր «Հրեական տան» միջոցառումները հանրային են. յուրաքանչյուրը կարող է մասնակցել Ռոշ Հաշանայի կամ Խանուկայի տոնակատարություններին։ Մենք թաքնվելու կարիք չունենք։ Ընդհակառակը, մենք բացահայտ և հպարտորեն հայտարարում ենք, որ հրեաներ ենք։
Ժամանակակից Երևանը կենսունակ մայրաքաղաք է նորաձև սրճարաններով, ժամանակակից արվեստով և տեխնոլոգիական ընկերություններով, որը գրավում է աշխարհի տարբեր ծայրերից ժամանած արտագաղթողներին։ Իրական Երևանում հրեաները տանը չեն նստում վախից դողալով, ինչպես գրում է Շմուլևիչը, այլ ապրում են լիարժեք կյանքով։ Սա մանրամասն նկարագրված է իսրայելցի լրագրող Լարի Լաքսների հոդվածում, որը հրապարակվել է JTA, Maariv և The Jerusalem Post թերթերում: Լաքսները անձամբ էր թռել Հայաստան, մասնակցելց հրեական տնային շաբաթօրյա ճաշկերույթին և զրուցել ինչպես փորձագետների, այնպես էլ Երևանի հրեական համայնքի սովորական անդամների հետ: Հայաստանում հրեական կյանքը զգալու լավագույն միջոցը գոնե մեկ անգամ այցելելն է: Հայատյացությունն ու հակասեմիտիզմը ընդհանուր բնույթ ունեն. երկու երևույթներն էլ հյուսված են նախապաշարմունքներից, զրպարտությունից և իրականության դիտավորյալ աղավաղումներից: Հայերն ու հրեաները չափազանց լավ գիտեն դրա հետևանքները, որպեսզի թույլ տան, որ որևէ մեկը հիմա անհամաձայնություն ստեղծի նրանց միջև:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am