Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ)
ՄՇԱԿՈՒՅԹԱրենիում ակտիվ աշխատանքներ են իրականացվում առաջին քարայրային թանգարանի ստեղծման ուղղությամբ: Viva-ի և «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի համագործակցության նպատակը հեռանկարային է:
Գործընկեր կազմակերպությունները ձգտում են մինչև տարեվերջ հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը հանրությանն ու աշխարհին ներկայացնել նոր ձևաչափով՝ քարայրային թանգարանի տեսքով: Դա թույլ կտա պահպանել հնագիտական բացառիկ ժառանգությունը և նպաստել Վայոց ձորի զբոսաշրջության, կրթության, գիտության ու տնտեսության զարգացմանը: Ավելին, թանգարանի ստեղծումը կարող է նպաստել, որ «Արենի-1 քարայրը» դառնա նաև եզակի գիտակրթական կենտրոն ամբողջ Հարավային Կովկասում:
Համաշխարհային նշանակության հնագիտական կենտրոնում արդեն ավարտվում են պահարանների և ցուցափեղկերի տեղադրման աշխատանքները: Զուգահեռաբար լուծվում են թանգարանի լուսավորության, կահավորման հայեցակարգի և անվտանգության ապահովման հարցերը: Հայտնաբերված գունազարդ կարասն արդեն իր տեղն ունի: Նախապատրաստվել է նաև դրա անիմացիոն ցուցադրությունը:Հիմնադրամն արդեն յոթ տարի հետազոտություններ է իրականացնում Վայոց ձորում: Հետազոտվող շերտերում պահպանվել է մարդկության ձևավորման վաղ փուլերից մինչև մեր օրերի բացառիկ պատմություն: Ուշադրության կենտրոնում են ոչ միայն Արենիի քարայրի, այլև Արփա գետի հովտի հնագիտական ժառանգության ուսումնասիրությունները։
«Քարայրային թանգարան ստեղծելու միտքը բավականին ռիսկային էր, որովհետև չկա նման փորձ: Մի բան է համարձակ գաղափար ունենալը, մեկ այլ՝ այն նյութականացնելը: Այդպես է նաև հնագիտության մեջ: Մի իրավիճակ է, երբ նոր հուշարձան ես պեղում և չգիտես՝ ինչ ակնկալել, մեկ այլ՝ երբ շարունակում ես տարիներ առաջ սկսած աշխատանքդ: Viva-ն հավատաց մեր նախաձեռնության կարևորությանը, գնաց ռիսկի և աջակցեց մեզ: Ռիսկեր իհարկե կան, սակայն թանգարանի ստեղծման ընթացքը ցույց է տալիս, որ մեր հույսերը կարդարանան և կունենանք շատ լավ արդյունք», - ասել է «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի հիմնադիր, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Արենիի արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը:
««Արենի-1» քարայրը ոչ միայն Հայաստանի եզակի հնագիտական հուշարձաններից է, այլև համաշխարհային նշանակության ժառանգություն, որը հնարավորություն է տալիս նորովի բացահայտելու մարդկային քաղաքակրթության, մշակույթի և գինեգործության ակունքները։ Viva-ի համար մեծ պատիվ է մասնակցել մի նախագծի, որը միավորում է գիտությունը, կրթությունը, ազգային ժառանգության պահպանությունն ու մարզային զբոսաշրջության զարգացումը։ Մենք համոզված ենք, որ Հայաստանում առաջին քարայրային թանգարանի ստեղծումը հնարավորություն կտա արժանավայել ներկայացնելու այս անգնահատելի գտածոները աշխարհին, փոխանցելու դրանց նշանակությունը գալիք սերունդներին և նոր խթան հաղորդելու Վայոց ձորի մարզի զարգացմանը։ Աջակցելով նման նախաձեռնություններին՝ մենք ներդրում ենք կատարում ոչ միայն անցյալի պահպանման, այլև մեր երկրի ապագայի կերտման գործում», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
Նյութական ու հոգևոր մշակույթների կապը ներկայացնող Արենի-1 քարայրում հայտնաբերվել են 6000 տարի առաջ ապրած հասարակության աշխարհընկալմանն առնչվող հազարավոր գտածոներ: Դրանք փոխում են մարդկության վաղ պատմության մասին եղած պատկերացումները: Թանգարանային ցուցադրության նմուշ դառնալու համար գտածոները Հնագիտության և ազգագրության ինստիտուտում անցնում են վերականգնման երկարատև գործընթաց։ Այս աշխատանքը պահանջում է համբերատար, զգույշ, բծախնդիր և պատասխանատու մոտեցում, որպեսզի մեր երկրի հնագիտական ժառանգությունը և համամարդկային նշանակության գտածոներն արժանավայել կերպով ներկայացվեն աշխարհին:
Քարայրային թանգարանն ունենալու է երկու դահլիճ: Viva-ի աջակցությամբ թանգարանը կկահավորվի ու նաև կհագեցվի անվտանգության անհրաժեշտ համակարգով:
