Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է բացահայտում Սերգեյ Բագրատյանի ընտանիքի հայտարարագրերի ուսումնասիրությունը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է մանրամասն ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքային, ֆինանսական և շահերի հայտարարագրերը։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և նրա ընտանիքի բազմամյա ֆինանսական պատմությունն ու ունեցվածքը։

Հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանն ունի բավականին ուշագրավ քաղաքական կենսագրություն. նախկինում նա եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, 2017 և 2018 թվականների ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել ԲՀԿ-ի համամասնական ցուցակով, սակայն 2020 թվականի հուլիսին լքել է այդ խմբակցությունը։ Արդեն 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին նա մասնակցել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով և կրկին ստացել պատգամավորական մանդատ՝ պաշտոնը ստանձնելով 2021 թվականի օգոստոսի 2-ից։ Պատգամավորի տարիների հայտարարագրերի համադրումը ցույց է տալիս, որ թեև նրա անձնական ունեցվածքը թղթի վրա բավականին համեստ է թվում, սակայն ընտանիքի անդամները, մասնավորապես կինը՝ Նաիրա Հակոբյանը, տիրապետում են ահռելի կարողության, ինչն ուղեկցվում է աղմկահարույց բիզնես և քրեական պատմություններով։

Սերգեյ Բագրատյանի հայտարարագրերի էվոլյուցիան. 2021-ից մինչև 2025 թվական

Պատգամավորի պաշտոնը ստանձնելու տարում՝ 2021 թվականին, Սերգեյ Բագրատյանը տարեվերջին հայտարարագրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող համատեղ սեփականությամբ բնակարանը, որը ձեռք էր բերվել դեռևս 2009 թվականի դեկտեմբերի 21-ին՝ գնման եղանակով։ Բացի այդ, նա ունեցել է Վայոց ձորի մարզի Արտաբույն (Եղեգիս) համայնքում գտնվող երկու հողամաս։ 2021 թվականի հոկտեմբերի 13-ին պատգամավորը ուշագրավ գործարք է կատարել՝ նվիրատվության եղանակով, առանց որևէ վճարի, իրեն պատկանող 2007 թվականի արտադրության Porsche մակնիշի ավտոմեքենան օտարել է կնոջը՝ Նաիրա Հակոբյանին։ Փոխարենը նա նշել է, որ տարվա ընթացքում ավելի քան 90 օր փաստացի տնօրինել կամ օգտագործել է այլ անձի անունով գրանցված 2011 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա։ 2021 թվականին նա Բագրատ Բագրատյանին տրամադրել է 150 միլիոն դրամի անտոկոս փոխառություն, որը հետագա բոլոր տարիներին մնացել է անփոփոխ։ Նրա բանկային հաշիվների մնացորդը տարեվերջին կազմել է 771 հազար 691 դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 7 միլիոն 977 հազար 140 դրամ, որից 7.6 միլիոնը ԱԺ աշխատավարձն էր, իսկ մնացածը՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ից ստացված վարձատրությունը։

2022 թվականի հայտարարագրում ի հայտ են գալիս էլ ավելի տարօրինակ գործարքներ։ Պատգամավորը որոշել է Արտաբույն համայնքի իր երկու հողամասերը վաճառել սեփական կնոջը։ 2022 թվականի օգոստոսի 15-ին կատարված այս գործարքով հողամասերից մեկը վաճառվել է ընդամենը 155 դրամով, իսկ մյուսը՝ 2,28 դրամով։ Արդյունքում Սերգեյ Բագրատյանի անվամբ մնացել է միայն Երևանի Կենտրոնի բնակարանը։ Նա շարունակել է անվճար օգտագործել ուրիշի Toyota մեքենան և պահպանել է 150 միլիոն դրամի տրված փոխառությունը։ Բանկային հաշիվների մնացորդն աճել է՝ կազմելով 2 միլիոն 687 հազար 754 դրամ, իսկ ընդհանուր եկամուտը կազմել է 8 միլիոն 445 հազար 980 դրամ, որտեղ հիմնական շեշտը կրկին ԱԺ աշխատավարձն էր (8.3 միլիոն դրամ) և չնչին գումարներ բուհական դասախոսություններից։

2023 թվականին պատգամավորի գույքային դրությունը էական փոփոխություններ չի կրել։ Նա շարունակել է տիրապետել միայն Երևանի բնակարանին, փաստացի օգտագործել է նույն Toyota մեքենան և պահել 150 միլիոն դրամի անտոկոս փոխառության պահանջը։ Բանկային հաշիվների միջոցները հասել են 2 միլիոն 865 հազար 198 դրամի։ 2023-ի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 10 միլիոն 937 հազար 32 դրամ, որից 10.6 միլիոն դրամը ԱԺ աշխատավարձն էր, իսկ մնացածը՝ «Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսա-իրավագիտական համալսարանից» և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնից ստացված վճարները։

2024 թվականին Սերգեյ Բագրատյանի բանկային միջոցները նվազել են՝ տարեվերջին կազմելով 1 միլիոն 937 հազար 853 դրամ։ Փոխարենը նրա տարեկան եկամուտը կազմել է 10 միլիոն 977 հազար 728 դրամ, որտեղ ԱԺ աշխատավարձը կազմել է 10 միլիոն 888 հազար 528 դրամ։ Անշարժ գույքի, մեքենաների և 150 միլիոնանոց փոխառության մասով պատկերը մնացել է լիովին նույնը։

2025 թվականի ամենաթարմ հայտարարագիրը փաստում է, որ Սերգեյ Բագրատյանի բանկային հաշիվներում դրամական միջոցները կրկին աճել են՝ տարեվերջին հասնելով 4 միլիոն 473 հազար 764 դրամի։ Տարվա ընթացքում նրա ընդհանուր եկամուտը կազմել է 13 միլիոն 602 հազար 732 դրամ, որից Ազգային ժողովի աշխատակազմից որպես աշխատավարձ ստացել է 13 միլիոն 524 հազար 932 դրամ, իսկ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ից ու Ավետիք Մկրտչյանի անվան համալսարանից քաղաքացիաիրավական պայմանագրերով ստացել է համապատասխանաբար 27 հազար 300 և 50 հազար 500 դրամ։ Շահերի հայտարարագրում նշված է, որ նա հանդիսանում է «Սերգեյ Գրուպ» ՍՊԸ-ի 100 տոկոս սեփականատերը (ձեռք բերված 2000 թվականին), ինչպես նաև ունի «Եվրո Օյլ» ընկերության 50 տոկոսի և «ԲԻԷՍԲԻ» ընկերության 1.98 տոկոսի բաժնեմասերը, թեև դրանցից ստացված եկամուտներ հայտարարագրված չեն։

Հայտարարագրում կրկին առկա է Բագրատ Բագրատյանին տրամադրված 150 մլն դրամի անտոկոս փոխառությունը, որի մնացորդը տարվա ընթացքում չի փոխվել։

Կնոջ ահռելի ունեցվածքը. Նաիրա Հակոբյանի 12 միավոր անշարժ գույքն ու միլիոնները

Չնայած պատգամավոր Բագրատյանի անձնական ունեցվածքը թղթի վրա բավականին համեստ է թվում, նրա կինը՝ Նաիրա Հակոբյանը, տիրապետում է իսկական հարստության։ Ուսումնասիրելով Նաիրա Հակոբյանի 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզ է դառնում, որ նա տարեվերջի դրությամբ ունեցել է 12 միավոր անշարժ գույք։ Այս տպավորիչ ցանկում ներառված են Արարատի մարզի Մասիս համայնքում գտնվող երկու հողամաս, Վայոց ձորի Եղեգիս համայնքում գտնվող երկու հողամաս (որոնք ամուսինը նրան էր վաճառել մի քանի դրամով), Արարատի Այնթափ և Մասիս բնակավայրերում գտնվող երկու հասարակական նշանակության շինություն, Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող չորս բնակարան, Երևանի Շենգավիթում գտնվող մեկ ամառանոց, ինչպես նաև Երևանի Կենտրոնում գտնվող մեկ անավարտ կիսակառույց շինություն։ Տրանսպորտային միջոցների մասով Նաիրա Հակոբյանը տարեսկզբին ունեցել է երեք ավտոմեքենա՝ 2011 թվականի Nissan և երկու Mercedes-Benz (2016 և 1998 թվականների արտադրության)։ Սակայն 2025 թվականի հոկտեմբերի 28-ին նա Nissan-ը վաճառել է 7 միլիոն դրամով, և տարեվերջին նրան մնացել են միայն երկու Mercedes-Benz-ները։ Բացի այդ, նա 20 միլիոն 682 հազար դրամի անտոկոս փոխառություն է տրամադրել իրեն պատկանող «Բաշ Ռիելթի» ՍՊԸ-ին, որտեղ ունի 100 տոկոս բաժնեմաս։ Նա բաժնեմասեր ունի նաև «Արևալույս» և «Զորավար Սեպուհ և որդիներ» ընկերություններում (50-ական տոկոս)։

Նաիրա Հակոբյանի կանխիկ դրամական միջոցները տարվա ընթացքում 8 միլիոն դրամից հասել են 10 միլիոն դրամի։ Տարեվերջին բանկային հաշիվներում պահպանվել է 7 միլիոն 594 հազար 383 դրամ և 6 հազար 154 ԱՄՆ դոլար։ 2025 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է 12 միլիոն 336 հազար 884 դրամ, որը հիմնականում ձևավորվել է տարբեր բուհերից ստացած աշխատավարձերից։ Միևնույն ժամանակ, պատգամավորի կինը հայտարարագրել է բնակարանի ապահովմամբ հիփոթեքային վարկ, որի մնացորդը տարեվերջին կազմել է 6 միլիոն 679 հազար 781 դրամ։

Ապօրինի ավազի հանքի աղմկահարույց բացահայտումը

Պատգամավորի կնոջ բիզնես գործունեությունը զերծ չի մնացել մեծ սկանդալներից։ Դեռևս 2023 թվականին «Հետք» պարբերականը ծավալուն հետաքննությամբ պարզել էր, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում՝ Քասախ գետի ափամերձ տարածքում, ամիսներ շարունակ ապօրինի ավազի հանք էր շահագործվում։ Հետաքննությամբ ապացուցվել էր, որ հանքարդյունահանումն իրականացնում էր «Արարակ» ՍՊԸ-ն, որը 2022 թվականի հունիսին հիմնադրել էր հենց պատգամավորի կինը՝ Նաիրա Հակոբյանը՝ հանդիսանալով դրա 100 տոկոս բաժնետերը։

Ամենաուշագրավն այն էր, որ հանքավայրի շահագործումից առաջ որևէ ՇՄԱԳ փորձաքննություն չէր իրականացվել, համայնքում լսումներ չէին եղել, և ընդերքօգտագործման պայմանագիր կամ թույլտվություն գոյություն չուներ։ Պետական եկամուտների կոմիտեն նաև հայտնաբերել էր, որ ընկերությունն առանց փաստաթղթերի ապրանք էր տեղափոխել։ Երբ լրագրողները հարցմամբ դիմել էին Սերգեյ Բագրատյանին, թե ինչու է իր ընտանիքն ապօրինի հանք շահագործում և ինչու այդ ընկերությունը ներառված չէր 2022 թվականի հայտարարագրում, պատգամավորը խուսափողական պատասխան էր տվել՝ հորդորելով հարցերն ուղղել կնոջ ընկերության տնօրինությանը, իսկ չհայտարարագրելու մասով արդարացել էր, թե դա պետք է արտացոլվեր հաջորդ տարում, այնինչ օրենքով պարտավոր էր նշել հիմնադրման իսկ տարում։

Որդու քրեական արկածներն ու իրավապահների «հովանավորչությունը»

Ընտանեկան պատմություններն այսքանով չեն ավարտվում. Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, պարբերաբար հայտնվում է իրավապահների տեսադաշտում, սակայն, ինչպես ArmLur.am-ն է արձանագրում, նրան միշտ հաջողվում է «ջրից չոր դուրս գալ»։ Դեռևս 2022 թվականի մայիսի 15-ին Վայոց Ձորի մարզի գազալցակայաններից մեկում տեղի էր ունեցել աղմկահարույց ծեծկռտուք, որի ընթացքում դաժան ծեծի էր ենթարկվել 45-ամյա մի քաղաքցու։ Ի վերջո, ՀՀ քննչական կոմիտեն ուշագրավ կերպով կարճեց այդ քրեական վարույթը՝ մաքրելով իշխանական պատգամավորի որդուն պատասխանատվությունից։

Իսկ 2025 թվականին Սերգեյ Բագրատյանի  որդին ծեծի էր ենթարկել մի քաղաքացու, ով պահանջել է հեռացնել պատգամավորի սխալ կայանված մեքենան»։

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное