Թիվ 46 երթուղին սպասարկող «Zhongtong»-ը բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ»-ին. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:05-ի սահմաններում Զաքարիա Սարկավագի 8/1 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 57-ամյա Ռուբեն Գ.-ն իր վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսով բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ» բեռնատարին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսի ուղևոր 36-ամյա Նարեկ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի բժշկագիտական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ Երևանի բնակիչ 22-ամյա Էլեն Ե.-ն և Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Նաիրա Դ.-ն տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 46 երթուղին։