ԱՄՆ-ն ու Իրանը դարձյալ հարվածել են միմյանց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ամերիկյան զինվորականները որսացել են մի քանի բալիստիկ հրթիռներ, որոնք Իրանն արձակել էր Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Իրանը յոթ բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ՝ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ CENTCOM-ը խոցել էր իրանական չորս անօդաչու թռչող սարք, որոնք արձակվել էին Հորմուզի նեղուցի ուղղությամբ։ Նախնական գնահատականներով՝ Իրանի արձակած հրթիռներից վեցը որսացվել են, յոթերորդը չի հասել իր թիրախին»,- ասված է հրամանատարության հայտարարության մեջ։
Հրամանատարությունը նշել է, որ ամերիկյան զինվորականների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան, Բահրեյնում ԱՄՆ ՌԾՈւ Հնգերորդ նավատորմի շտաբին վնաս չի հասցվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին՝ ի պատասխան Սիրիկ և Քեշմ կղզիների վրա կատարված հարձակման։
ԻՀՊԿ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ի պատասխան Սիրիկի և Քեշմ կղզու դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացված ագրեսիայի՝ տարածաշրջանում թշնամու բազաները հրթիռային հարվածների են ենթարկվել»: