Պետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. Փաշինյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռաջիկայում մեզ սպասում են մեծ իրադարձություններ, առաջինը՝ սահմանազատում, սահմանազատում է տեղի ունենալու: Այս մասին Բերդավանում քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Ուրեմն խաղաղությունը հաստատված է այն հիմքի վրա, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն ու սահմանները։ Սա նշանակում է, որ սահմանը լինելու է այն, ինչ սովետի ժամանակ եղել է, Խորհրդային Հայաստանում ինչ եղել է՝ ճշգրիտ լինելու է նույն սահմանը: Սահմանազատման արդյունքում սկզբունք մեկ՝ Խորհրդային Միության ժամանակ եղած գիծը վերականգնվում է, սկզբունք երկու՝ կարող է պարզվի, որ այդ գիծը նենց է գծած, որ մեկի տուն է մտնում, որովհետև այն ժամանակ մի երկիր է եղել, այդքան ով է խորացել, հիմա մենք այդ բոլոր ծուռ-մուռ գծերը, որտեղ հնարավոր է՝ պետք է հասկանանք ոնց ենք անում, ու ուղղենք:
Սահմանազատումը սկսելու է հյուսիսից և ավարտվելու է մինչև Իրանի սահման, պետք է սահմանը հստակ գծենք, որ հստակ լինի՝ Հայաստանը որտեղ է, Ադրբեջանը որտեղ է, որտեղ ԹՐԻՓՓ նախագծի պրոյեկտ կսկսենք իրագործել՝ այդտեղ կարճ կտորներով կսահմանազատենք: Մնացած հատվածով պիտի նստենք աշխատենք, մենք Արծվաշենի խնդիր ունենք, չենք կարող հրաժարվել այդ խնդրից: Բերդավանում չկա այդպիսի հատված, բայց սահմանի ուրիշ տեղերում այդպիսի հատվածներ կան, որ պրոբլեմատիկ են՝ իրար մեջ մտած»,- նշել է Փաշինյանը:
Փաշինյանը շեշտեց՝ սահմանազատման արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը ի՞նչ են ուզում, ուզում են պրոբլեմներ ստեղծեն իրար համար, թե՞ ուզում են իրար հետ պրոբլեմներ լուծեն, ապա հավելեց, որ ինքն ունի իր ընկալումը այդ հարցի շուրջ, և կարծում է, որ Ադրբեջանի ընկալումն էլ է նույնը. «Իմ ընկալումն է, որ Ադրբեջանն էլ է այդպես տրամադրված՝ հիմա այնպես հարցը լուծենք, որ 10 տարի հետո, 20 տարի հետո, 30 տարի հետո, 50 տարի հետո, 100 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի»: