Սաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի հեռանալու մասին
ՍՊՈՐՏՍաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հեռանալու մասին։
«Ինչպիսի՜ արկած։ Ինչպիսի՜ գլուխ։ Եկավ՝ մարտահրավեր նետելով․․․ և հեռանում է մեզնից որպես չեմպիոն։ Շնորհակալություն, պարոն, այն ամենի համար, ինչ արեցիք ակումբի համար։ Դուք միշտ կմնաք նա, ում սիրում են, և ով սիրում է «Ալ-Նասրի» երկրպագուներին»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Առաջնության վերջին խաղից հետո 71-ամյա պորտուգալացի մասնագետը հայտնել էր, որ կատարել է Կրիշտիանու Ռոնալդուին տված խոստումը՝ նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը, և լքում է իր պաշտոնը: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված էր մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Ժեզուշը թիմը գլխավորում էր 2025 թվականի հուլիսից: Այդ ընթացքում «Ալ-Նասրն» անցկացրել է 49 հանդիպում, տարել 40 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի և կրել 7 պարտություն:
Ավարտված մրցաշրջանում թիմը վաստակել է 86 միավոր և նվաճել Սաուդյան Արաբիայի չեմպիոնի տիտղոսը:
Թիմի ավագ և հարձակվող, 41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայում առաջին անգամ դարձավ Սաուդյան Արաբիայի չեմպիոն՝ 28 գոլով ճանաչվելով նաև թիմի լավագույն ռմբարկու մրցաշարում։
Մասնագետի նոր աշխատավայրի մասին դեռևս տեղեկություններ չկան։ Նախկինում պորտուգալացին մարզել է սաուդյան մեկ այլ ակումբ՝ «Ալ-Հիլալը», ինչպես նաև գլխավորել է «Ֆեներբահչեն», «Բենֆիկան», «Սպորտինգը», «Ֆլամենգոն», «Բրագան» և այլ թիմեր։