ԱՄՆ-ն պատրաստվում է Թրամփի դիմանկարով 250 դոլարանոց թղթադրամ թողարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է թողարկել նոր 250 դոլարանոց թղթադրամ, որի վրա կարող է պատկերված լինել նրա դիմանկարը, եթե երկրի օրենսդիրները թույլատրեն դա։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ները, ԱՄՆ դաշնային օրենքն արգելում է տպել ողջ մարդու պատկերով ԱՄՆ թղթադրամ, սակայն Կոնգրեսում Թրամփի դաշնակիցները ներկայացրել են օրենսդրություն, որը բացառություն կմտցնի ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված հոբելյանական շարքի համար։
Նախագիծը ներկայացրել է հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը, այն 2025 թ. փետրվարից գտնվում է Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների հանձնաժողովում։
Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, անդրադառնալով 250 դոլարանով թղթադրամի մասին հարցին, պատասխանել է, որ «ամեն ինչ Կոնգրեսի ձեռքերում է»։ Նա նաև ընդգծել է, որ «չի կարծում, որ կա որևէ դատապարտելի բան», եթե Թրամփի դիմանկարը հայտնվի թղթադրամի վրա։
Նշենք, որ ԱՄՆ-ի 250-ամյակի տոնակատարությունների շրջանակում Թրամփի ստորագրությունն արդեն իսկ նախատեսվում է տեղադրել ամերիկյան թղթադրամների վրա։