«Եվրոպայի խորհուրդ. Ազատ ընտրությունները Հայաստանում վտանգված են»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀունիսին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրությունների ազատությունը վտանգված է, զգուշացրել է Եվրոպայի խորհուրդը, գրում է dw.com–ը: Ընտրարշավին արտաքին միջամտությունը դառնում է «ավելի ու ավելի բարդ և համակարգային» և ազդում է Հայաստանի քաղաքական և տեղեկատվական միջավայրի վրա, հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը մայիսի 11-12-ը Երևան կատարած այցից հետո:
Պատվիրակության խոսքով առաջիկա ընտրություններին միջամտությունը չի սահմանափակվում միայն ապատեղեկատվությամբ, այն ներառում է անօրինական քաղաքական ֆինանսավորում, կիբեռհարձակումներ, տնտեսական հարկադրանք և ընտրական գործընթացը մանիպուլյացիայի ենթարկելու ուղղակի փորձեր:
ԵԽԽՎ պատվիրակությունը նաև զեկուցել է Ռուսաստանի կողմից հանրային կարծիքը իր օգտին ձևավորելու և Հայաստանում իր երկարաժամկետ աշխարհաքաղաքական ազդեցությունը պահպանելու համար օգտագործվող հիբրիդային մեթոդների մասին: Մասնավորապես, նրանք մատնանշել են Ռուսաստանում հայկական սփյուռքի քվեարկությունը հեշտացնելու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղղակի կոչը: Ավելին, եվրոպացի պատգամավորները մտահոգություն են հայտնել մարդու իրավունքների պաշտպանների, լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների որպես «օտարերկրյա գործակալների» նպատակային վարկաբեկման, ինչպես նաև նրանց վրա աճող իրավական ճնշման վերաբերյալ, այդ թվում դատական հայցերով։ Նրանք նաև մատնանշել են Հայ Առաքելական Եկեղեցու «աննախադեպ միջամտությունը», որը դեմ է Երևանի կառավարության քաղաքականությանը և պաշտպանում է Ռուսաստանի հետ մերձեցումը։
«Պատվիրակությունը ողջունում է Հայաստանի իրավական և կարգավորող շրջանակը ոչ տեղին ազդեցության դեմ պայքարելու համար։ Այնուամենայնիվ, գործող մեխանիզմները պետք է ամրապնդվեն քողարկված, համակարգված և միջսահմանային սպառնալիքների դեմ պայքարելու համար», - նշված է հայտարարության մեջ։ Միևնույն ժամանակ նշված է, որ անհրաժեշտ է ամրապնդել արտաքին միջամտությունից պաշտպանությունը և ապահովել հավասար խաղային պայմաններ բոլոր թեկնածուների համար։ Այլ բաների շարքում նշված է, որ «անհապաղ անհրաժեշտ է ամրապնդել ինստիտուցիոնալ կարողությունները, բարելավել միջգերատեսչական համակարգումը և մեծացնել քաղաքական քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկությունը»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am