Փաշինյանի «իրական կողմը»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրբ Հայաստանի գործող իշխանություններն ինչ-որ իրական վտանգ են զգում, անմիջապես սրում են «հայաստանցի-ղարաբաղցի» արատավոր խոսույթը։ Երեկ Արաբկիրում տեղի ունեցած նողկալի միջադեպն էլ դրա վառ ապացույցն էր։ Հիշեցնենք՝ Արաբկիրում Փաշինյանին էր մոտեցել 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած սպա Հրանտ Պապիկյանի քույրը՝ Փաշինյանին մեղադրելով պետությունը քանդելու մեջ։
Գործող իշխանության պարագլուխը կորցրել էր ինքնատիրապետումը, քաշքշել կնոջը, վիրավորական արտահայտություն էր արել թե՛ արցախցիների և թե՛ ընդդիմադիր առաջնորդների հասցեին, որոնք վերարտադրելը նույնիսկ վիրավորական է ցանկացած լրատվամիջոցի համար։ Փաշինյանն այն աստիճան էր հունից դուրս եկել, որ ի պատասխան անհետ կորածի քույր Արփինե Սողոյանի խոսքերի՝ նրան «ողորմելի» էր անվանել, արցախցի կնոջը մեղադրել պետությունը քանդելու մեջ, ապա բարձրացել մեքենայի թափքին և այնտեղից շարունակել իր վիրավորանքները։ Արաբկիրի մեկ այլ բակում էլ նրան էր մոտեցել արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանը, փորձել քաղաքակիրթ հարցեր քննարկել։ Այստեղ էլ Փաշինյանը կրկին կորցրել էր ինքնատիրապետումը՝ վիրավորել Օսիպյանին, որին ավելի ուշ պարզապես ձերբակալել էին։
Գումարած հայտնի տեսանյութի տարածումը, որտեղ իբր արցախյան բարբառով 5 անձինք սպառնում են Նիկոլ Փաշինյանին, վկայում են, որ գործող իշխանությունները միտումնավոր են սրում «հայաստանցի-արցախցի» խոսույթը՝ հանուն սեփական իշխանության պահպանման ներհայկական թշնամանք հրահրելով։ Իսկ փաշինյանական իշխանության որոշ կողմնակիցներ էլ, ամոթի և մարդկության վերջին նշույլները կորցրած, սոցիալական ցանցերում շարունակում են վիրավորանքներ հասցեագրել բռնի տեղահանված արցախցի մեր քույրերին ու եղբայրներին։ Այս ամենը կարելի է վերագրել թե՛ Փաշինյանի իշխանության դիրքերի թուլացմանը, թե՛ նրա բարդ հոգեբանական իրավիճակին։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ գործող իշխանությունը ամենևին էլ պատահաբար չի այսպիսի պոռթկումներ ցուցաբերում, այլ, ընդհակառակը, դրանք բավական լավ հաշվարկված քայլեր են ընդդեմ արցախցիների։ Հատկապես հաշվի առնելով, որ ընդդիմադիր դաշտում բազմաթիվ արցախցիներ կան, որոնցից շատերն էլ իրենց սթափ գնահատականներով «փչացնում են Փաշինյանի տոնը»։
Քարոզարշավի ավարտին դեռևս 20 օր կա, և այս ընթացքում մենք գործող իշխանության ղեկավարի կողմից այլ լկտի դրսևորումներ ենք տեսնելու՝ ուղղված թե՛ արցախցիներին, թե՛ նույնիսկ շարքային հայաստանցիներին։
Անի Կիրակոսյան