Կաքավաձորում հովիվը փրկվել է, իսկ ձին ու գառը հոսանքահարվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ մայիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Թալին խոշորացված համայնքի Կաքավաձոր բնակավայրի տարածքում գտնվող տուֆ քարի հանքում հոսանքահարում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ձին և գառը սատկել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և «ԲԵԼՈւՄԵ» ՍՊԸ-ին պատկանող տուֆ քարի հանքը սնուցող 10 000 վոլտ հոսանքալարի էլեկտրասյան մոտով անցնելիս է եղել նույն գյուղի բնակիչ 53-ամյա Վանիկ Գ.-ն, ով զբաղվում է անասնապահությամբ և գյուղի նախիրը արածեցնելով հասել է Կաքավաձոր գյուղ, նշված հատվածում նկատել է, որ գետնին առկա է էլեկտրաէներգիայի մալուխ։ Իջել է ձիուց և սկսել հսկել խոշոր եղջերավոր անասուններին և գառներին։ Կարճ ժամանակ անց նկատել է, որ ձին և իրեն պահ հանձնված գառներից մեկը հոսանքահարվել և սատկել են։Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վանիկ Գ.-ին պատճառվել է մոտ 400 հազար ՀՀ դրամի վնաս։ Ոստիկանության Թալինի բաժնում պարզում են էլեկտրասյունը ում հսկողության տակ է գտնվում՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությա՞ն, թե՞ «ԲԵԼՈւՄԵ» ՍՊԸ-ի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատասխանատուն «ԲԵԼՈւՄԵ» ՍՊԸ-ն է ու հենց նշված ՍՊԸ-ն էլ պետք է ոչ միայն փոխհատուցի քաղաքացու կրած վնասը, այլև հետագայում անվտանգության անհրաժեշտ գործողություններ իրականացնի, քանի որ գյուղացիները հաճախ են այդ տարածքում արածեցնում իրենց խոշոր եղջերավոր անասուններին և գառներին։