Արտակարգ իրավիճակ՝ Բյուրեղավանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրդեն մի քանի ժամ է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչներից, ովքեր անհանգստացած խնդրում են պատկան մարմինների ուշադրությունը՝ հայտնելով, որ մի քանի օր է իրենց քաղաքում բնակիչները դիմում են շտապօգնություն, քանի որ ունեցել և ունենում են սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թունավորման դեպքեր են գրանցվել Սամվել Վարդանյան փողոցում գտնվող շենքերում ապրող մի քանի բնակիչների մոտ, ովքեր նման ախտանիշներով դիմել են Բյուրեղավան քաղաքում գործող Անդրանիկ Պետրոսյանի անվան պոլիկլինիկա։
Մի մասը նույնիսկ դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն և բոլորը նշել են, որ իրենք հավանաբար թունավորվել են ջրից։
Բժիշկներին դիմած բոլոր տուժածները հայտնել են, որ իրենք ոչ գազից, ոչ էլ սննդից են թունավորվել, քանի որ բնակարաններում գազի արտահոսք տեղի չի ունեցել և կասկածելի սնունդ չեն օգտագործել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում իրավիճակը վերահսկելու և թունավորված քաղաքացիների ինքնությունը պարզելու համար՝ Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանի հանձնարարականով Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակիցները շրջայցեր են կատարում թունավորվածների բնակարաններ՝ ճշտելու մանրամասները։
«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի» տնօրինությունը տեղեկացրել է, որ
Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմել շտապ օգնության ծառայություն հետևյալ գանգատներով' սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։ «Իրավիճակի մասին տեղյակ են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։ Խնդրում ենք նման գանգատների առկայության դեպքում անպայման դիմել բժշկի, հնարավորինս զերծ մնալ ջրօգտագործումից կամ օգտագործել եռացրած վիճակում»,- նշված է հայտարարության մեջ։