Հորմուզի նեղուցով անցնելու համար տուրքեր սահմանելու իրավական հիմքեր չկան. ՄԱԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպության գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը հայտարարել է, որ ոչ մի իրավական հիմք չկա տուրքեր սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է El Pais թերթի հետ հարցազրույցում։
«Նեղուցներում ազատ նավագնացության իրավունքը ենթակա չէ քննարկման և Միջազգային ծովային կազմակերպության համար բանակցությունների առարկա չէ։ Ոչ մի օրինական հիմք չկա նեղուցում վճար սահմանելու համար», – ասել է նա։
«Միջազգային իրավունքին չի համապատասխանում, որ երկիրը կամայականորեն լրացուցիչ միջանցք ստեղծի, երբ մենք արդեն իսկ ունենք մեկը։ Իրանը լիակատար իրավունք ունի առաջարկ ներկայացնելու, հիմնավորելու դրա անհրաժեշտությունը, բայց այն պետք է ներկայացվի Օմանի հետ համատեղ, քանի որ դա է նախատեսված միջազգային իրավունքով», – հավելել է Դոմինգեսը։
Նրա խոսքով՝ աշխարհը «ծովային տրանսպորտին ուշադրություն է դարձնում միայն այն ժամանակ, երբ այն վնասված է, և երբ դա տնտեսական վնաս է հասցնում մարդկանց»։
Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններից հետո Իրանն արգելել էր ոչ բարեկամական երկրների նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Մինչև ռազմական գործողությունների սկսվելը Հորմուզի նեղուցով օրական անցնում էր շուրջ 135 նավ։
Ըստ տարբեր տեղեկությունների՝ Իրանը ոչ պաշտոնապես անցման տուրք է գանձել որոշ առևտրային նավերից, որոնք անցնում էին Հորմուզի նեղուցով։
Ապրիլի 8-ին երկշաբաթյա հրադադարի հաստատվեց, իսկ ապրիլի 13-ին ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը՝ թույլ չտալով այնտեղ նավերի մուտքը կամ ելքը։