Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ և ուղենշի մեզ դեպի երկարատև խաղաղություն ու արժանապատիվ զարգացում․ Վահագն Խաչատուրյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ։
Հարության տոնը դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հոգևոր կյանքի առանցքային խորհրդանիշներից՝ նորոգման, հավատքի վերահաստատման և ապագայի հանդեպ վստահության աղբյուր։ Այս օրն առանձնահատուկ առիթ է վերաիմաստավորելու մեր անցած ուղին, գնահատելու ձեռքբերումները և պատասխանատվությամբ նայելու առաջիկա քայլերին։
Զատիկը միավորում է մեզ ընտանիքների շուրջ՝ ամրացնելով մարդկային կապերը, փոխադարձ հոգատարությունն ու ներքին համերաշխությունը։ Տոնի խորհուրդը հիշեցնում է, որ հասարակության ամրությունը սկսվում է յուրաքանչյուր ընտանիքից, յուրաքանչյուր անհատի արժեհամակարգից և համատեղ ապրելու մշակույթից։
Այս օրերին առավել խորությամբ ենք գիտակցում նաև ազգային միասնության և համախմբման կարևորությունը։ Համերաշխությունն ու փոխվստահությունը մեր պետականության ամրության հիմնասյուներից են, և միայն միասնական ջանքերով կարող ենք դիմակայել մարտահրավերներին ու ձևավորել կայուն ու անվտանգ ապագա։
Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ և ուղենշի մեզ դեպի երկարատև խաղաղություն ու արժանապատիվ զարգացում։
Թող Սուրբ Զատիկը յուրաքանչյուրի տուն բերի հանգստություն, ջերմություն և վստահություն վաղվա օրվա հանդեպ։
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։