Իրանում պատերազմը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻրանում արդեն մեկ ամիս ընթացող պատերազմը լուրջ հետևանքներ է ունենալու Հայաստանի տնտեսության և պարենային անվտանգության վրա։ Արդեն իսկ, ըստ մասնագետների, թանկացումներ են նկատվում գյուղատնտեսական ապրանքներում, ինչպես նաև որոշակիորեն թանկացել է վառելիքը՝ կապված նավթի գների համաշխարհային գնաճի հետ։
Ըստ փորձագետների՝ հիմնական ռիսկերը կապված են լոգիստիկ շղթաների խախտման և ծովային փոխադրումների արժեքի աճի հետ։ Դա անխուսափելիորեն կազդի ապրանքների և հումքի վերջնական արժեքի վրա, այդ թվում՝ Հայաստանի համար։
Նշվում է, որ ազդեցությունը կզգացվի ավելի ուշ, քանի որ միջին հաշվով ապրանքների առաքումը տևում է 30-ից 40 օր կամ ավելի։ Ուստի գների հնարավոր աճը նկատելի է լինելու հետագայում։ Մի շարք ապրանքների գներն արդեն աճում են, ընդ որում՝ նախնական աճը գնահատվում է 15-ից 20 %, բայց այդ դինամիկան կարող է զարգանալ։ Հայաստանի տնտեսության համար լրացուցիչ ռիսկ կարող է դառնալ Իրանից հումքի մատակարարումների հնարավոր կրճատումը։
Առաջիկայում հայկական շուկան կսկսի զգալ այդ սահմանափակումների հետևանքները, իսկ գործարարները ստիպված կլինեն փնտրել հումքի այլընտրանքային աղբյուրներ և նոր լոգիստիկ երթուղիներ։ Պատերազմը շուտով լուրջ հետևանքներ է ունենալու, հատկապես՝ գնաճի մասով, և խորհրդարանական ընտրություններից առաջ հետևանք է ունենալու գործող իշխանությունների համար, որոնց սոցիալական և տնտեսական քաղաքականությունն առանց այն էլ ձախողված է, և այժմ ընտրություններից առաջ գների նոր աճը հղի է վտանգներով։
Ըստ այդմ, իշխանությունները փորձելու են ակտիվացնել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից կամ Կենտրոնական Ասիայի երկրներից ապրանքների ներմուծումը։ Սակայն, ըստ փորձագետների, դրա ծավալներն այնքան չեն, որ կարողանան փոխհատուցել Իրանից ներմուծվող ապրանքների ներմուծումը։ Ուստի Հայաստանի քաղաքացիներին առաջիկայում բավականին ծանր օրեր են սպասվում։
Սոնա Գալստյան