Անվանապես քննադատում են, տակից գործակցում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳործող իշխանությունները մի կողմից շարունակում են քննադատել և մեղադրանքներ առաջադրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մյուս կողմից էլ հենց իրենք էլ արդեն մի քանի տարի շարունակ ակտիվորեն գործակցում են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերությունների հետ՝ վերջիններիս բավականին լուրջ գումարներ վճարելով տարբեր ծառայությունների համար։ Նախօրեին հայտնի է դարձել, որ Ազգային անվտանգության ծառայությունը Քոչարյանի ընտանիքին պատկանող «Տոյոտա Երևան» ավտոասրահից 16 միլիոն դրամով «Տոյոտա Քեմրի» մեքենա է ձեռք բերել։
Պայմանագիրը կնքվել է շաբաթվա սկզբին՝ մարտի 24-ին, ընդ որում, գնման ընթացակարգն իրականացվել է էլեկտրոնային աճուրդով, դրան մասնակցել է միայն «Տոյոտա Երևանը» և հաղթել։ Սեպտեմբերին էլ նույն «Տոյոտա Երևանից» ամենագնաց էին գնել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի համար։ Այս գործարքներն ամենևին էլ ամենամեծերը չեն։ Կառավարությունը «Տոյոտա Երևանից» գնել էր նաև ոստիկանության պարեկային ծառայության համար 175 մեքենա՝ 3.1 միլիարդ դրամ արժեքով։
Շիրակի և Լոռու մարզերի համար էլ գնել էին 2.4 միլիարդ դրամի մեքենաներ։ Թեպետ կառավարությունը կարող է գնել այլ մակնիշի շատ ավելի էժան մեքենաներ, բայց նախընտրում է փողը փոխանցել հենց «Տոյոտա Երևանին»։ Այդ ընկերության 30 % բաժնետերը Ռոբերտ Քոչարյանի որդին է՝ Սեդրակ Քոչարյանը, իսկ ընկերության մեծ մասը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործարար Սամվել Մայրապետյանին: Ինչը հերթական անգամ վկայում է, որ գործող իշխանության համար կարևորը սեփական շահն է, այլ ոչ թե իրականում հանրությանը հրամցվող տեղեկությունները կամ քարոզչական նարատիվները, և այս հանգամանքը պետք է որ ազդի ընտրողների տրամադրությունների վրա։
Աննա Մարգարյան