Մեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել է
ԻՐԱՎՈՒՆՔՄարտի 6-ի առավոտյան` ժամը 5-ին, Մեծամոր քաղաքի բնակիչը օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեց՝ տեղեկացնելով, որ մոտակայքում մեքենա է այրվում։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները դեպքի վայրում պարզեցին, որ հրդեհվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա։ Տուժողը հաղորդում տվեց, որ մեքենան հրկիզել է նախկին ընկերը։
Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հրկիզողը նախկին ընկերը չէ, այլ Մեծամոր քաղաքի բնակիչ 17-ամյա պատանին։ Նա հայտնաբերվեց Լեռնագոգ գյուղում, ձերբակալվեց և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանեց արարքը։
Հետագա գործողություններով ստացվեցին փաստական տվյալներ, որ Ոսկեվազի 29-ամյա բնակիչ՝ տուժողի նախկին ընկերը, նախօրոք տեղադրել էր բենզինով տարա, պատանուն հայտնել դրա մասին ու դրդել հրկիզել մեքենան։
Մարտի 13-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում անչափահասի նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով, նրա նկատմամբ կիրառվեց դաստիարակչական հսկողություն։ Նույն օրը 29-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու փորձի և անչափահասին ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելուն մասնակից դարձնելու հատկանիշներով։
Տղամարդը կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է։