ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16 կործանիչների ևս մեկ էսկադրիլիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ռազմաօդային ուժերը Իսրայելի Օվդա ավիաբազայում տեղակայել են տասներկու F-16 կործանիչներից բաղկացած լրացուցիչ էսկադրիլիա: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Military Air Tracking Alliance (MATA) ավիացիոն ռեսուրսի տվյալները։
Իսրայելի Օվդա ավիաբազայում արդեն գտնվում է հինգերորդ սերնդի ամերիկյան F-22 Raptor տասներկու կործանիչից բաղկացած էսկադրիլիա։
Մերձավոր Արևելքում ամերիկյան մարտավարական ավիացիայի խմբավորումը ներկայում ունի շուրջ 250 ինքնաթիռ։ Դրանց ամենախոշոր կենտրոնացումը Հորդանանի «Մուվաֆաք Սալթի» ավիաբազան է, որտեղ տեղակայված են ամերիկյան մարտական ինքնաթիռների, այդ թվում՝ F-35A-ի, F-15E-ի, F-16-ի և A-10-ի բազմաթիվ էսկադրիլիաներ։
Իսրայելից բացի, կործանիչները տեղակայված են նաև Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազայում և ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակրի վրա։
Ինչպես հաղորդել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ամերիկյան ռազմական ինքնաթիռները կատարել են ավելի քան 8000 մարտական թռիչք։