Հայտնի է՝ ինչ պատժամիջոցներ են սպառնում Իրանի հավաքականին ԱԱ-2026-ից հրաժարվելու դեպքում
ՍՊՈՐՏԵթե Իրանի ազգային հավաքականը միակողմանիորեն հրաժարվի մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, ապա Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից լուրջ պատժամիջոցների կարժանանա։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր հետագա մրցաշարերից։ Բացի այդ, ֆեդերացիային սպառնում է նվազագույնը 275 հազար եվրոյի տուգանք, որը կարող է հասնել մինչև 555 հազարի՝ կախված մրցաշարին մասնակցելուց հրաժարվելու ժամկետներից։ ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն կարող է նաև մարզական պատժամիջոցներ կիրառել՝ հետագայում իրանական թիմերից միավորներ հանելով։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Իրանի հավաքականը կարող է հրաժարվել Մունդիալին մասնակցելուց՝ Մերձավոր Արևելքի երկրի նկատմամբ ԱՄՆ-ի վարած ագրեսիվ քաղաքականության պատճառով: Այս թեմային անդրադարձել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նշենք, որ Իրանի հավաքականը հաջողությամբ հաղթահարել է ԱԱ-2026-ի որակավորման փուլը և ընդգրկվել G խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Բելգիան, Եգիպտոսը և Նոր Զելանդիան: Իրանցիների խմբային փուլի բոլոր երեք հանդիպումները պետք է կայանան ԱՄՆ-ի տարածքում:
Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունը կկայանա գալիք ամռանը երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: Աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է, որը 2022 թվականի եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Ֆրանսիային (3:3, տուգ.՝ 4:2):