Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Ադրբեջանի հետ խաղաղության շնորհիվ․ Ալիև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության շնորհիվ Հայաստանն իր անկախ պատմության մեջ առաջին անգամ կարող է տարանցիկ երկիր դառնալ, թեև դեռևս այդպիսին չէ։
«Դրա շնորհիվ մենք կկարողանանք ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի հիմնական մասի և մեր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Հայաստանի հետ խաղաղության հաստատումից հետո «մենք սերտորեն աշխատում ենք «Միջին միջանցքի» ընդլայնման ուղղությամբ, որն անցնում է նաև Հայաստանի տարածքով»։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների պահանջարկն աճում է։ Նա ընդգծել է, որ հակամարտությունների հետևանքով տրանսպորտային կապերի խաթարումը չափազանց բարդ իրավիճակ է ստեղծում միջազգային հանրության մեծ մասի համար։
Ադրբեջանի առաջնորդի խոսքով՝ Բաքուն և Երևանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա. «սահմաններին անդորր է, առևտրային կապերը հաստատված են», իսկ «երկարաժամկետ խաղաղությունը կնքված է դարերով»։