Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Եկեղեցական հերալդիկա
ՖՈՏՈԵրբ խոսում են հերալդիկայի մասին, հաճախ չեն հիշատակում եկեղեցականը: Մինչդեռ Եվրոպայում հերալդիկայի ի հայտ գալուց հետո եկեղեցին որպես հասարակության ազդեցիկ հաստատություն, երկար չի մնացել լուսանցքում։ Եկեղեցու զինանշանը դարձել է նրա անբաժանելի մասը։ Եվ դա այսօր էլ է մնում սիմվոլիզմի կարևոր տարր:
Պատկերացրեք, որ ապրում եք միջնադարում և արիստոկրատ եք, կամ հոգևորականության ներկայացուցիչ։ Այսպիսով, եթե այդպես լիներ, ապա դուք անխուսափելիորեն կունենայիք ձեր զինանշանը: Ի դեպ եկեղեցականների մասին, այն ժամանակ եկեղեցու հողատիրությունն ամենամեծն էր մյուսների համեմատ։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ եկեղեցին միջնադարում ակտիվորեն հավակնում էր լինել ոչ միայն կրոնական, այլ նաև աշխարհիկ իշխանություն:
Եկեղեցական հերալդիկան հայտնվել է Եվրոպայում ասպետական հերալդիկայի ձևավորումից մի փոքր ուշ՝ մոտ 13-րդ դարում։ Հերալդիկան միջնադարում առօրյա կյանքի մի մասն էր, այն առանձնահատուկ նշանակություն ուներ այդ դարաշրջանի սոցիալական հիերարխիայում և մշակութային իրականության մեջ։ Եվ բնականաբար զինանշանը կարևոր էր ոչ միայն ասպետի կամ արիստոկրատի, այլ նաև եկեղեցու հեղինակության համար։
Գիտնականները տարակարծիք են այն հարցում, թե ինչո՞ւ էր եկեղեցուն անհրաժեշտ զինանշաններ ստեղծել: Ոմանք կարծում են, որ դա եկեղեցու սպասավորների աշխարհիկ իշխանության դեր խաղալու ցանկությունն էր։ Դա նշանակում է, որ օրինակ փաստաթղթերի համար պետք է ունենալ սեփական կնիքը: Մյուսները պնդում են, որ զինանշանները հայտնվել են եկեղեցու մոտ հենց մեծածավալ հողատիրության պատճառով։ Այսինքն զինանշանը ցուցադրել է եկեղեցու տարածքային պատկանելությունը։ Այս երկու դիրքորոշումներն էլ կարելի է հավասարապես ճշմարիտ դիտարկել։
Կարևոր է մի բան՝ զինանշանը դարձել է եկեղեցու անբաժանելի մասը։ Այդ ավանդույթը հատկապես զարգացել է եվրոպական երկրներում և պահպանվել դարերի ընթացքում՝ չնայած 18-րդ դարում Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակվա եկեղեցական հերալդիկայի ճգնաժամին: Ի վերջո, այդ ժամանակ Ֆրանսիայում լուծարվել էին բոլոր զինանշանները:
Եկեղեցական հերալդիկան առավել տարածված է Հռոմի կաթոլիկ եկեղեցուն պատկանող եկեղեցիներում։ Այնտեղ գրեթե բոլոր հոգևորականներն ունեն իրենց զինանշանը։
Հետաքրքիր է այն, որ եկեղեցական հերալդիկայի վերաբերյալ առաջին հիմնարար աշխատությունը հայտնվել է միայն 20-րդ դարում։ Դա «Եկեղեցում կնիքի և դրոշմակնիքների մասին օրենք» գիրքն էր: Հեղինակը համարվում է Բեռնար Բրունո Հեյմը։ Նա նաև մի քանի պապական զինանշանների հեղինակ էր: Կաթոլիկ եկեղեցու ամենակարեւոր զինանշանը Վատիկանի պաշտոնական զինանշանն է։ Այդ զինանշանը պատկերում է Պետրոս առաքյալի երկու բանալիները, որոնք պսակված են պապական դիադեմով։ Նույն պատկերը կարելի է գտնել Վատիկանի դրոշի վրա։ Բացի դա յուրաքանչյուր Պապ ուներ իր անձնական զինանշանը, որը պատկերում էր տարրեր, որոնք խորհրդանշական կերպով նկարագրում են որոշակի պապի կառավարման շրջանը։ Ավանդաբար դրանք պատկերում էին Պետրոս առաքյալի բանալիները, մնացածը ընտրովի էր:
Եկեղեցական հերալդիկայի մեկ այլ հետաքրքիր հատկանիշ է փշե պսակը: Ենթադրվում է, որ այն դրվել է Հիսուսի գլխին նրա մահապատժի ժամանակ։ Նաև հաճախ կարելի է գալերոներ գտնել կաթոլիկ եկեղեցու կարդինալների զինանշանների վրա։ Դա մեծ հարթ կարմիր գլխարկ է: Այն կողքերում ունի շղարշներ, որոնց թիվը պատահական չէ։ 17-րդ դարում կարդինալների զինանշաններում կարգավորվել է շղարշների քանակը՝ 30 շղարշը ամենաբարձր կոչումն է։ Գալերոն կարող է նաև կանաչ լինել:
Կ. Խաչիկյան