Փաշինյանը որոշել է՝ ՀԷՑ-ն ամբողջությամբ պետականացնելու են
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վերջնականապես որոշել են, թե ինչպես են վարվելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ։ Ընդ որում, բոլորովին թքած ունենալով հայաստանյան և միջազգային բոլոր օրենքների, արբիտրաժային դատարանի որոշումների վրա՝ հընթացս էլ գործարար, բարերար Սամվել Կարապետյանին ու նրա ընտանիքին վնասելու մարմաջով տառապելով՝ վնաս հասցնելով նաև Հայաստանի Հանրապետությանը ու նրա շահերին։ Օրեր առաջ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ը 100%-ով կպետականացվի, կճանաչվի հանրային գերակա շահ, փոխհատուցում կվճարվի։
Երեկ կառավարության նիստից հետո Փաշինյանը հայտարարել է, թե ՀԷՑ–ի 100 տոկոսանոց պետականացման որոշումն ընդունվել է ընկերության շուկայական արժեքի նախնական փորձագիտական քննարկման և եզրակացության արդյունքում։ «Այդ ընկերությունն այնքան է օգտագործվել նեղ անձնական նպատակներ գեներացնելու համար, այնքան է վարկային բեռով բեռնվել․․․ Ընդ որում, գոնե նախնական տեղեկություններով, ընկերության հաշվին վարկեր են վերցվել, տրվել մոտիկներին, ծանոթներին, ազգականներին՝ առանց տոկոսի․․․ Այս ամենը, բնականաբար, իր շուկայական արժեքի նախնական ընկալումը նվազեցնում է։ Բյուջեի հետ կապված մեծ խնդիրներ չեն լինի», ասել է Փաշինյանը՝ վստահեցնելով, որ ՀԷՑ-ի ամբողջական պետականացումը մեծ ծանրաբեռնվածություն չի լինի բյուջեի համար։ Փաշինյանը, իհարկե, կեղծում է։
Որքան էլ նրա թիմն այս ընթացքում փորձել է տպավորություն ստեղծել, թե ՀԷՑ-ում խոշոր յուրացումներ են կատարվել, փաստացի ոչ քրեական գործ կա, ոչ էլ իրական փաստ, որը կապացուցեր կառավարության պնդումները։ Ըստ էության, Փաշինյանը ցանկանում է X թիվ նկարել, չնչին փոխհատուցում վճարել Սամվել Կարապետյանին, խլել ՀԷՑ-ը։ Ինչը, նշենք, բոլորովին էլ հեշտ գործ չի լինելու։ Հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ։
Աննա Մարգարյան