Նախարար Ավանեսյանը Հակակոռուպցիոն դատարան է գնացել «Քովիդի գործով». «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օրերս ներկայացել է Հակակոռուպցիոն դատարան և հարցաքննվել «Քովիդ-19-ի գործով» քննվող քրեական վարույթի շրջանակում։
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախարարը դատարանից երկու անգամ ծանուցում է ստացել, սակայն զբաղվածության պատճառով այս ընթացքում չի ներկայացել։ Ի վերջո, օրերս Ավանեսյանը ներկայացել է դատարան և ցուցմունք տվել։ Թե ինչ բովանդակություն են ունեցել Ավանեսյանի ցուցմունքները և ինչ զարգացումներ կարձանագրվեն գործով, առայժմ պաշտոնապես չի հաղորդվում։
Միայն հայտնենք, որ գործը քննվում է դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ։
Խոսքը վերաբերում է 2020 թվականին համավարակի ընթացքում իրականացված գործընթացներին և չարաշահումներին։ Այդ ժամանակ Անահիտ Ավանեսյանը զբաղեցնում էր առողջապահության փոխնախարարի պաշտոնը և հանդիսանում էր այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի ենթական։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում նույն գործով նախատեսվում է նաև Արսեն Թորոսյանի հարցաքննությունը։ Վերջինս համավարակի տարիներին ղեկավարում էր առողջապահության նախարարությունը, և հանրային դաշտում նրա հասցեին հնչել են սուր ու աղմկահարույց մեղադրանքներ՝ կապված համավարակի կառավարման և մահացության ցուցանիշների հետ։ Անգամ նրան «մահվան նախարար» պիտակն են տվել»։