Վենսն Ադրբեջանում արել է բավականին առանցքային հայտարարություն. քաղաքական վերլուծաբան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է. «ԱՄՆ փոխնախագահ Վենսն Ադրբեջանում արել է մի բավականին առանցքային հայտարարություն: Իհարկե, սա իմ սուբյեկտիվ դիտարկումն է, բայց, կարծում եմ, որ Վենսի այդ հայտարարությունը արտացոլում է նրա ռեգիոնալ այցի խորքային բնույթը:
Վենսը հայտարարում է, որ Ալիեւը նախագահ Թրամփից հետո այն միակ մարդն է, որը լավ հարաբերություն ունի թե՛ Էրդողանի, թե՛ Նաթանյահուի հետ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա լոկ հայտարարություն է, որը Ալիեւին արված ռեվերանսների շարքից է, որ իրեն թույլ է տվել ԱՄՆ փոխնախագահը:
Իմ կարծիքով, այս հայտարարությունը արտացոլում է բավականին խորը շերտ: Կովկասի հարցում ԱՄՆ քաղաքականությունը գտնվում է «երկու քարի արանքում», եւ այդ քարերի անունն է Թուրքիա ու Իսրայել, կամ՝ Էրդողան ու Նաթանյահու: Ըստ էության, Վենսը թերեւս ակնարկում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին դիտարկում է որպես այդ հարցում «ստաբիլիզատոր», կամ առնվազն՝ այդպիսի ֆունկցիայի հավակնորդ:
Սա մի կողմից բավականին պատասխանատու եւ բավականին ծանր բեռ է Ալիեւի համար: Բայց, մյուս կողմից սա մեծ մարտահրավեր է Հայաստանին, որովհետեւ իր այդ դերը ստաանձնելու պարագայում Ալիեւն անկասկած փորձելու է, այսպես ասած,առավելագույն «սնուցում» ԱՄՆ-ից, իսկ այդտեղ առաջին պլան են գալիս Հայաստանի հանդեպ նրա հավակնությունները: «Թրամփի ուղին» մեծ հաշվով դրա մի մաս է: Իսկ Վենսը Երեւանում խոսում էր ինչ-որ՝ «խաղաղության հաստատման հաջորդ փուլի» կարեւորության մասին»: