Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճշմարիտ փրկությունը, ճշմարիտ մարդը, ճշմարիտ հայրենիքը սկսվում են ներսից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր Հայաստանի հասարակական միջավայրը քաղաքական, սոցիալական և մշակութային փոփոխությունների ազդեցությունների ներքո հայտնվել է հոգևոր շփոթի, արժեքային անորոշության և ներքին անհանգստության փուլում։ Մարդը կարծես բաժանվել է ինքն իրենից. մի կողմից՝ տեխնոլոգիական արագությունն ու ճնշումները, մյուս կողմից՝ հոգևոր դատարկությունը, արժեքների թուլացումը, ավանդական բարոյական կողմնացույցի կորուստը։ Շատերն ապրում են ներքին անորոշությամբ՝ չգիտեն, թե ինչից կառչեն, որտեղից ուժ ստանան, ինչպիսի արժեքային համակարգ ընտրեն։ Այս իրավիճակում, երբ մեր շրջապատում հաճախ իշխում է հոգևոր աղմուկը, անորոշությունը և անվստահությունը, անհրաժեշտ է կրկին բացել այն աղբյուրները, որոնք դարերի ընթացքում պահպանել են մարդու հոգևոր հավասարակշռությունը։ Այդ աղբյուրներից ամենախորն ու ամենաառանցքայինը Սուրբ Գրիգոր Նարեկացին է։ Նրա խոսքը ոչ թե միայն միջնադարյան աղոթք է, այլ կենդանի հոգևոր-փիլիսոփայական ուղեցույց այն ժամանակների համար, երբ մարդը կորցնում է իր ներքին հենարանը։ Նարեկացու «Մատյան ողբերգությունը» մեզ հիշեցնում է մի պարզ ճշմարտություն՝ մարդը չի կարող ապրել առանց ներսը ճանաչելու։ Արտաքին աշխարհը՝ իր տնտեսական, քաղաքական, իրավական կամ տեխնոլոգիական իրադարձություններով, կարող է փոխել մարդու կենսագրությունը, բայց չի կարող ձևավորել կամ բուժել նրա ճակատագիրը։ Ճակատագիրը ծնվում է ներսում՝ այնտեղ, որտեղ մարմինը, միտքը և հոգին բախվում են միմյանց, և այնտեղ, որտեղ մարդը հանդիպում է Աստվածային շնչին։

Սուրբ Գրիգոր Նարեկացին ավելի քան հազար տարի առաջ այնպիսի խորությամբ է նկարագրել մարդու հոգևոր վիճակը, որ թվում է՝ խոսում է հենց մեր այսօրվա մարդու մասին։ Նա մարդուն չի դիտում որպես պարզ կենսաբանական արարած, այլ որպես բարդ, բազմաշերտ էակ՝ միաժամանակ սահմանափակ ու անսահմանին ձգվող։ Նրա տողերում մարդը մշտապես շարժման մեջ է՝ ընկրկող, ապրող, փնտրող, մոլորվող և նորից Աստվածային Լույսի սպասող։ Նարեկացին ասում է. «Իրոք, մարդկային զորությունը սահմանափակ է փրկության համար»։ Այս խոսքում թաքնված է մարդկային կյանքի ամենախոր ճշմարտությունը։ Մարդը չի կարող ինքնաբավ լինել, չի կարող ինքն իրեն փրկել, քանի որ իր ներսում կրում է ոչ միայն ուժ, այլ նաև խոց, ոչ միայն հոգի, այլ նաև կասկած, ոչ միայն լույս, այլ նաև ստվեր։ Նարեկացին չի ներկայացնում մարդուն որպես մեղավոր սուբյեկտ իրավական իմաստով, այլ որպես բնույթով անավարտ, բաց գոյություն, որը մշտապես կարիք ունի Աստվածային լույսի։

Նա մեր մարդկային վիճակը նկարագրում է բացառիկ ճշգրտությամբ. «Բոլոր կողմերից ժանտ աղքատության հնոցն է մրրկում… ալեկոծ հոգով»։ Այս տողերը կարծես գրված լինեն մեր ժամանակների համար։ Մարդիկ այսօր էլ ապրում են «ալեկոծ հոգով»՝ ճնշված տեղեկատվական քաոսով, կորսված վստահությամբ, հարաբերությունների անկայունությամբ, ազգային ինքնության ճգնաժամով և հոգևոր անորոշությամբ։ Նարեկացու մոտ սա հոգեբանական անկայունություն չէ, այլ էութաբանական ճշմարտություն՝ մարդը բաժանված է իր ներսում, մշտապես պայքարում է ինքն իր հետ։ Բայց հենց այդ վիհում էլ բացվում է մարդու փրկության ճանապարհը, քանի որ միայն խոցված հոգին է կարողանում աղոթել, միայն անկատար մարդն է կարողանում ձգտել լույսին։ Նարեկացին նաև մի մեծ ճշմարտություն է ասում՝ մարդը չի կարող իրեն ճանաչել առանց աստվածային ճառագումի։ Նա խոստովանում է. «Թևերը մտքիս որքան լարեցի, սակայն էության հասու չդարձա»։ Այս խոսքը ժամանակակից մարդու համար առավել արդիական է, քանի որ մենք հաճախ փորձում ենք ինքներս մեզ սահմանել միայն բանականությամբ, գիտելիքով, նյութական հաջողությամբ կամ հասարակական դիրքով։ Բայց մարդու էությունը շատ խորն է, և այն բացվում է միայն այն դեպքում, երբ մարդը բաց է դառնում հիվանդացնող երկվության մեջ Աստծո լույսի համար։ Այսօր, երբ մեր իրականության մեջ ծնվել է «հիբրիդային մարդը»՝ օտարված ինքն իր էությունից, տեղեկությամբ բեռնված, ներքուստ ճեղքված, հաճախ նաև առանց բարոյական կողմնացույցի, Նարեկացու պատգամն առավել հրատապ է դառնում։ Նրա լուծումը պարզ է, բայց խորքային. մարդը փրկվում է ոչ թե ուժով, այլ բացությամբ, ոչ թե ինքնաբավությամբ, այլ խոնարհությամբ, ոչ թե իր հնարավորություններով, այլ Սուրբ Հոգու ներգործությամբ։

Նարեկացու ակունքում մարդը սահմանափակ էակ է, բայց դրված անսահման ուղու վրա, սահմանափակ, բայց անսահմանին միտված, խոցված, բայց բաց լուսավորվելու։ Եվ հենց այստեղ է առաջանում Նարեկացու մտածողության կենդանի արդիականությունը։ Մարդը, որքան էլ խոցված ու ապակենտրոնացած լինի, մնում է լույսի ունակ, ճառագում ստանալու ունակ էակ։ Այսօր, երբ մեր հասարակությունը կարիք ունի ոչ միայն քաղաքական կամ տնտեսական լուծումների, այլ հոգևոր հենարանի, Նարեկացու խոսքը կարող է դառնալ ներսը հավաքող ուժ։ Նա հիշեցնում է, որ ճշմարիտ փրկությունը, ճշմարիտ մարդը, ճշմարիտ հայրենիքը սկսվում են ներսից՝ այնտեղ, որտեղ մարդը հանդիպում է Աստծուն։

Եթե ուշադիր նայենք Հայաստանի այսօրվա իրականությանը, կտեսնենք, որ մեր բաժանվածության խորքում ոչ միայն քաղաքական կամ սոցիալական հակասություններն են, այլ ավելի խոր՝ մարդու հոգևոր ինքնության ճգնաժամը։ Արտաքին աշխարհն անընդհատ պահանջում է արագ որոշումներ, իսկ ներսում հոգին հաճախ լռում է, կորցրել է իր սուր զգացողությունը։ Մարդկային հարաբերություններում այսօր նկատվում է հոգևոր անտարբերություն, վստահության կորուստ, դատարկության զգացողություն։ Շատերն ապրում են օրավարձով, առանց երկարաժամկետ տեսլականի, առանց ներքին խաղաղության, առանց հոգևոր կենտրոնի։ Ահա այդտեղ է, որ Նարեկացու մտածողությունը դառնում է ոչ թե միջնադարյան գրականություն, այլ ուղեցույց, որը հիշեցնում է՝ առանց ներսը բուժելու, դրսում ոչինչ չի փոխվում։

Նարեկացին մեր ժամանակների մարդուն ասում է. «Ինչպե՞ս կոչվեմ բանական, եթե իմ հիմարությամբ կցորդ եմ դարձել անբաններին»։ Այս խոսքը կարծես ուղղված է մեր հասարակության այն մեծ խմբին, որը կորցրել է ինքնաքննադատության և ինքնաճանաչման կարողությունը, փոխարինել է արժեքները մակերեսային ցուցադրական վարքով, արագ հաջողությամբ և թվայնացված ինքնարտահայտմամբ։ Նարեկացին մեզ հիշեցնում է, որ մարդը մարդ է դառնում միայն այն պահին, երբ գիտակցում է իր հոգևոր պատասխանատվությունը։ Սակայն այս ճգնաժամի մեջ կա նաև հնարավորություն։ Հոգևոր դատարկությունը շատ հաճախ հենց այն հողն է, որտեղ սկսվում է նոր արթնացումը։ Երբ մարդու ներսում ամեն ինչ փլվում է, նա սկսում է դիմել Սուրբ Հոգու աղբյուրին, որը չի փոխվում, այն է՝ Աստծո լույսին։ Իսկ այդ լույսին դառնալու ճանապարհը տրված է հենց մեր մշակույթի մեջ, մեր գրականության մեջ, մեր հոգևոր ժառանգության մեջ։

Նարեկացին իր ժամանակի մարդուն ասում էր այն, ինչ մեզ էլ է վերաբերում. մարդը չի փրկվում ուժով, այլ բացությամբ։ Բացությամբ դեպի ճշմարտություն, դեպի մաքրություն, դեպի լույս։ Այսօր, երբ մեր իրականությունը լցված է տեղեկատվական աղմուկով, անընդհատ շեղումներով և հոգևոր քաոսով, մարդուն այլևս չի հաջողվում կենտրոնանալ իր ներքին ձայնի վրա։ Բայց հենց այդ ներքին լռության մեջ է բնակվում ճշմարտությունը։ Նարեկացին ասում է՝ մարդը չի կարող թևերով հասնել իր էությանը, քանի որ էությունը բացվում է միայն այն դեպքում, երբ մարդու սիրտը պատրաստ է ընդունել Աստվածային ներշնչումը։ Այս միտքը հատկապես կարևոր է այն ժամանակներում, երբ մենք՝ որպես ժողովուրդ, կանգնած ենք գոյաբանական ընտրության առաջ։ Ո՞րն է մեր ազգային տեսլականը։ Որտե՞ղ է մեր հոգևոր առանցքը։ Ի՞նչն է մեզ համախմբողը։ Այս հարցերի պատասխանները չենք գտնի միայն քաղաքական ծրագրերում, տնտեսական հաշվարկներում կամ աշխարհաքաղաքական վերլուծություններում։ Պատասխանը գտնվում է այնտեղ, որտեղ Նարեկացին մեզ առաջնորդում է՝ մարդու ներքին հոգևոր դաշտում։

Երբ ժողովուրդը կորցնում է իր հոգևոր ինքնությունը, նրա պատմական ուղին դառնում է անկանխատեսելի և թույլ։ Երբ ժողովուրդը վերագտնում է իր հոգևոր լույսը, նրա ճակատագիրն ուղղվում է, որովհետև յուրաքանչյուր անհատի հոգևոր հավասարակշռությունը դառնում է հավաքական կայունության հիմք։

Այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է վերադարձ դեպի մեր ներքին աղբյուրները՝ ոչ թե հինավուրց տեքստերը որպես թանգարանային արժեք կարդալու, այլ որպես ներկայում գործող ուժ, որն ունակ է բուժել, սթափեցնել և վերակերտել մարդուն։ Հենց այդտեղ է Նարեկացու հրաշագործությունը. նա չի խոսում անցյալի մասին, նա խոսում է մարդու մասին, և մարդը ժամանակ չունի, նա անժամանակ է։ Մարդը միշտ նույնն է՝ ուժեղ ու խոցելի, իմաստուն ու մոլորվող, փնտրող ու ընկնող։ Եվ որքան էլ մեր ժամանակների «հիբրիդային մարդը» թվում է նոր երևույթ, Նարեկացին վաղուց նկարագրել է նրան՝ իր բաժանվածությամբ, իր երկվությամբ, իր անորոշությամբ։ Բայց Նարեկացին նաև ցույց է տվել լուծումը՝ խաղաղություն՝ ներսում, լույս՝ ներսում, Աստված՝ ներսում։ Այստեղից էլ սկսվում է անհատի և ազգի վերածնունդը։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула
Самое популярное