Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սարատովի նավթավերամշակման գործարանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը նոյեմբերի լույս 11-ի գիշերը հարձակվել են Սարատովի մարզի վրա։ Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը։ Նա ասել է, որ հարվածը վնասել է քաղաքացիական ենթակառուցվածքները, գրում է Meduza-ն։
Ավելի ուշ նահանգապետը պարզաբանել է, որ Զավոդսկոյ շրջանի մի քանի շենքերում պատուհաններ են կոտրվել։ Մեկ կին վիրավորվել է, նա տեղում բժշկական օգնություն է ստացել։ Astra տելեգրամ ալիքը, ուսումնասիրելով գիշերային հրդեհի ականատեսների տեսանյութերը, ենթադրում է, որ անօդաչու թռչող սարքերի թիրախ է դարձել Սարատովի նավթավերամշակման գործարանը։ Սա 2025 թվականի սկզբից ի վեր նավթավերամշակման գործարանի վրա յոթերորդ հարձակումն է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Սարատովի մարզի երկնքում խոցել են ուկրաինական ութ անօդաչու թռչող սարք։ Միայն աշնան սկզբից ի վեր Սարատովի նավթավերամշակման գործարանն ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից հարվածի է ենթարկվել առնվազն չորս անգամ՝ սեպտեմբերի 16-ին և 20-ին, հոկտեմբերի 20-ին և նոյեմբերի 2-ին։