Տատս ամեն օր իրերը հավաքում էր, որ Արցախ վերադառնա. կնոջը փնտրում են անգամ Հացիկ գյուղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարդանաշենի տարածքում և հարակից գյուղերում երեկվանից են փնտրում 75-ամյա Ժաննա Անտոնյանին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքապետը հայտնեց, որ ոստիկանությունը տեղյակ է, տեսախցիկների ձայնագրություններն են արդեն նայել, փորձում են հասկանալ, թե որ ուղղությամբ կարող է գնացած լինել։
«Քիչ առաջ ոստիկանների հետ գյուղապետարանի տարածքի տեսախցիկները նայեցինք, այս կողմով չի անցել։ Ոստիկանությունը փորձում է համայնքի ու հարակից գյուղերի, ավտոկայանների տարածքների տեսաձայնագրություններն էլ ուսումնասիրել։ Հույս ունենք, որ ինչ որ բան հայտնի կդառնա, արագ կգտնենք։ Անգամ չենք բացառում, որ կարող է գնացած լինի Հայաստանի Հացիկ գյուղ։ Ով գիտի, գուցե ճանապարհին անծանոթներին խնդրել է Հացիկ տանել իրեն, նրանք էլ Հայաստանի Հացիկ գյուղը տարած լինեն։ Աղջիկն ասաց Շիրակի մարզի Հացիկում էլ են փորձում փնտրել», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքապետ Միհրան Հովհհանիսյանը։
Ժաննա Անտոնյանն արցախցի է, ապրել էր Արցախի Հացիկ գյուղում։ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնք է տեղափոխվել Արցախյան տեղահանությունից հետո։ Ապրում է աղջկա ընտանիքի հետ։ Հարազատներն ասում են՝ չէր համակերպվում իր տան, հողի ու ջրի, Արցախի կորստի հետ։
«Տատս անընդհատ իր տունն էր ուզում, իր Հացիկը, ամեն օր իրերը հավաքում էր, որ Արցախ վերադառնա։ Մի քանի անգամ տանից դուրս է եկել անհայտ ուղղությամբ, բայց գտել ենք ու ետ բերել։ Մեծ է, հիշողության խնդիրներ ունի։ Փնտրում ենք ամեն տեղ», -«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ժաննա Անտոնյանի թոռը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։