Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղքատությունը՝ որպես համակարգային խնդիր. հատվածականությունը հարց չի լուծելու. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աղքատությունն աշխարհում շարունակում է մնալ ամենահրատապ և բազմաշերտ սոցիալ-տնտեսական խնդիրներից մեկը, որի խորքային պատճառներն ու հետևանքները խիստ փոխկապակցված են գլոբալ տնտեսության կառուցվածքային փոփոխությունների, քաղաքական որոշումների, հասարակական անհավասարության աճի և բազմաթիվ այլ գործոնների հետ։ Չնայած միջազգային բազմաթիվ կազմակերպությունների, կառավարությունների և քաղաքացիական հասարակության ջանքերին, աղքատությունն արմատախիլ անելը կամ նվազագույնի հասցնելը դեռևս չիրականացած երազանք է մնում։

Համաշխարհային զարգացումները, տնտեսական գլոբալիզացիան և առևտրային նոր կապերի ստեղծումը բազմաթիվ երկրներում հանգեցրել են տնտեսական աճի որոշակի ցուցանիշների բարելավման, սակայն այդ աճը շատ հաճախ անհավասարաչափ է բաշխվում տարբեր սոցիալական խմբերի և տարածաշրջանների միջև՝ խորացնելով արդեն իսկ առկա անհավասարությունը և նպաստելով աղքատության նոր ալիքների առաջացմանը։ Աղքատության կառուցվածքային պատճառները բազմաբնույթ են. այստեղ համադրվում են կրթության և առողջապահության մատչելիության սահմանափակումները, աշխատանքային շուկայի անկայունությունն ու ոչ ֆորմալ հատվածի գերակայությունը, տնտեսական զարգացման ոչ հավասարաչափ տարածվածությունը, պետական քաղաքականությունների թերությունները և կոռուպցիայի բարձր մակարդակը։

Վերջին տասնամյակների ընթացքում միջազգային հանրությունը որդեգրել է տարբեր մոտեցումներ՝ փորձելով պայքարել աղքատության դեմ, այդ թվում՝ ուղղակի ֆինանսական աջակցություն տրամադրելով սոցիալապես խոցելի խմբերին, իրականացնելով կրթական և առողջապահական բարեփոխումներ, քայլեր կատարելով տնտեսական դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, խթանելով ներդրումները, ինչպես նաև սոցիալական պաշտպանության համակարգերը կատարելագործելով։ Բայց, չնայած այսպիսի միջոցառումների իրականացմանը, աղքատության դեմ պայքարը հաճախ բախվում է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտների, ինչպիսիք են տնտեսական ճգնաժամերը, ռազմական բախումները, բնական աղետները, համավարակները, ինչպես նաև արժեքային համակարգի և կառավարման մշակույթի խնդիրները։

Հայաստանը, լինելով հետխորհրդային տարածքի փոքր երկիր, վերջին տասնամյակներին անցել է բարդ սոցիալ-տնտեսական վերափոխումների ճանապարհով։ Սակայն այդ փոփոխությունները, ցավոք, չեն հանգեցրել աղքատության հաղթահարմանն ու բարեկեցության համատարած կամ գոնե համաչափ բարձրացմանը։ Ընդհակառակը, բնակչության մի զգալի հատվածը շարունակում է մնալ աղքատության և հատկապես ծայրահեղ աղքատության եզրին։ Պաշտոնական վիճակագրական տվյալները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվետվությունները փաստում են, որ Հայաստանում աղքատության մակարդակը տատանվում է 25-30 տոկոսի սահմաններում, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 1,5-2 տոկոսի սահմաններում։ Եթե աղքատության մակարդակին վերաբերող գնահատականներում որոշ դրական փոփոխություններ էլ կան, ապա դրանք աննշան են։ Մյուս կողմից էլ՝ ներկայացվող թվերը հաճախ չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ շատ դեպքերում հաշվառման մեթոդաբանությունը չի ներառում ոչ ֆորմալ եկամուտները, կամ էլ թաքցնում է որոշ խմբերի իրական կենսամակարդակը։

Հայաստանի աղքատության խնդիրը կրկին սրվել է վերջին տարիներին՝ պայմանավորված միջազգային տնտեսական ճգնաժամերով, Ադրբեջանի ռազմական ագրեսիայով, արցախահայության բռնագաղթով, կորոնավիրուսային համավարակով և դրան հետևած տնտեսական ցնցումներով։ Դե, գումարած փաշինյանական իշխանության տոտալ ձախողումներն ու բացարձակ ապաշնորհությունը բոլոր ոլորտներում:

Հիշենք, որ համավարակի հետևանքով բազմաթիվ աշխատատեղեր կրճատվեցին, փոքր և միջին բիզնեսները կանգնեցին կամ փակվեցին, իսկ պետական աջակցությունը հաճախ անբավարար էր՝ հաշվի առնելով բնակչության կարիքները։ Համավարակը բազմաթիվ մարդկանց մղեց դեպի աղքատության ճիրաններ։ Իսկ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների արդյունքում հազարավոր արցախցիներ կորցրեցին իրենց ունեցվածքը, տունն ու տեղը՝ հայտնվելով փախստականի կարգավիճակում ու մնալով տրամադրվող շատ քիչ աջակցության հույսին, քանի որ Հայաստանի քաղաքացիների համար բավարար աշխատատեղեր չկան, ուր մնաց, որ իրենք կարողանային արժանապատիվ աշխատանք գտնել։ Աշխատավարձերի և կենսաթոշակների չափը, որը հանդիսանում է բնակչության զգալի մասի եկամտի հիմնական աղբյուրը, վերջին տարիներին կա՛մ չի ավելացել, կա՛մ էլ, եթե ավելացել է, պարզապես չնչին չափով, որը ներկայիս գնաճի պայմաններում որևէ տեղաշարժ ապահովել չի կարող։ Սննդամթերքի, հագուստի, կոմունալ ծառայությունների, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գները աճում են աննախադեպ տեմպերով. որոշ ապրանքների գներն ավելացել են 20-30, նույնիսկ 50 տոկոսով՝ համեմատած նախորդ տարիների հետ։ Գնաճի այս տեմպերը հատկապես ծանր հարված են հասցնում սոցիալապես առավել խոցելի խմբերին՝ թոշակառուներին, բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց և գյուղաբնակներին, որոնց եկամուտները չեն համապատասխանում կյանքի նվազագույն պահանջներին։

Բացի այդ, Հայաստանում աղքատության խորացմանը նպաստում են կառուցվածքային մի շարք խնդիրներ։ Աշխատաշուկայում շարունակում է գերակշռել ոչ ֆորմալ հատվածը, ինչի արդյունքում բազմաթիվ մարդիկ զրկված են սոցիալական ապահովագրության համակարգից և աշխատանքային իրավունքներից։ Այդ հատվածում աշխատողները հաճախ չեն ստանում նվազագույն աշխատավարձ, չունեն արձակուրդի և այլ սոցիալական երաշխիքներ, ինչը նրանց դարձնում է առավել խոցելի ցանկացած տնտեսական ցնցման ժամանակ։

Գյուղատնտեսական հատվածում զբաղված մեծ թվով մարդիկ շարունակում են աշխատել ամենանվազ արդյունավետությամբ՝ չունենալով ժամանակակից տեխնոլոգիաների, ներդրումների, ինչպես նաև պետական աջակցության բավարար հասանելիություն։ Գյուղերում աղքատության մակարդակը զգալիորեն բարձր է քաղաքների համեմատ, իսկ սոցիալական բևեռացումը տարեցտարի խորանում է։

Կրթության և առողջապահության համակարգերում առկա բազմաթիվ խնդիրներ նույնպես նպաստում են աղքատության վերարտադրմանը։ Չնայած պետական մակարդակով իրականացվող որոշ բարեփոխումներին, կրթության մատչելիությունը և որակը շարունակում են թերանալ՝ հատկապես մարզերում և սոցիալապես անապահով ընտանիքներում։ Բարձրագույն կրթությունը դարձել է բազմաթիվ ընտանիքների համար ֆինանսապես անիրականանալի, իսկ միջին մասնագիտական կրթությունը հաճախ չի ապահովում ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ։ Առողջապահական համակարգի ծառայությունների մատչելիության խնդիրը ևս շատ լուրջ է. պետական ապահովագրության համակարգի թերությունների պատճառով բնակչության մեծ մասը հարկադրված է բարձր գին վճարել բժշկական ծառայությունների համար, ինչը աղքատության դեպքում դառնում է անհնարին։ Առողջապահական համընդհանուր ապահովագրության մասին էլ անընդհատ խոսվում է, սակայն գործնական քայլեր չկան դրա ներդրման ուղղությամբ։ Միակ նորությունն այն է, որ եկող տարվանից թոշակառուները կընդգրկվեն այդ ծրագրում, ու նրանց համար կվճարի պետությունը: Արդյունքում, մարդիկ, շատ հաճախ հաշվի առնելով առողջապահական ծառայությունների բարձր գների հանգամանքը, բժշկական ծառայություններից օգտվում են այն ժամանակ, երբ «դանակը ոսկորին է հասնում»:

Ինչ վերաբերում է պետական սոցիալական քաղաքականությանը, ապա թեև այն նպատակաուղղված է եղել սոցիալապես խոցելի խմբերին աջակցելու համար, այդուամենայնիվ, հաճախ չի հասնում իր նպատակին կամ արդյունավետ չի իրականացվում։ Սոցիալական նպաստների համակարգը ենթարկվում է բարեփոխումների, սակայն դրանց ծավալն ու տրամադրման արդյունավետությունը մեծամասամբ բավարար չեն, իսկ նպաստների չափը շատ քիչ է։

Միևնույն ժամանակ, պետական կառավարման համակարգում առկա կոռուպցիան, թափանցիկության պակասը և հաշվետվողականության բացակայությունը խոչընդոտում են պետական միջոցների արդյունավետ բաշխմանը, ինչի արդյունքում աղքատության հաղթահարմանն ուղղված միջոցառումները հաճախ մնում են ձևական կամ թերի։

Աղքատության խնդրի խորքային վերլուծությունը չի կարող շրջանցել նաև հասարակական արժեքների և մշակույթի հարցը։ Հայաստանում, ինչպես նաև շատ այլ երկրներում, աղքատության հանդեպ հարաբերական հանդուրժողականությունը, սոցիալական արդարության ընկալման թերությունները և քաղաքացիական պասիվությունը նպաստում են խնդրի պահպանմանը։

Բազմաթիվ մարդիկ հուսահատված են՝ չտեսնելով զարգացման և բարօրության հասնելու իրական ուղիներ, ինչի հետևանքով հաճախ ընտրում են արտագաղթի ճանապարհը։ Հայաստանից շարունակում են արտագաղթել հազարավոր մարդիկ, անբավարար պայմանների արդյունքում տեղի է ունենում նաև ուղեղների արտահոսք, իսկ այս ամենը բացասաբար է անդրադառնում երկրի զարգացման վրա և խորացնում է սոցիալական ճգնաժամը։

Աղքատության խնդիրը Հայաստանում կարելի է լուծել միայն այն դեպքում, եթե այն դիտարկվի ոչ թե որպես մեկ սոցիալական երևույթ, այլ որպես համակարգային հետևանք տնտեսական, կրթական, կառավարման և սոցիալական քաղաքականության համակցված թերությունների։ Այսինքն, աղքատության հաղթահարման իրական ռազմավարությունը պետք է լինի համապարփակ՝ միաժամանակ ներառելով տնտեսական աճի խթանումը, կրթության որակի բարձրացումը, աշխատանքի արժևորման և արդար բաշխման մեխանիզմների ձևավորումը, ինչպես նաև պետական կառավարման արդյունավետությունը։

Առաջին հերթին անհրաժեշտ է տնտեսական կառուցվածքային վերափոխման իրականացում։ Հայաստանի տնտեսությունը պետք է դուրս գա ներկա փուլում տիրապետող «սպառման ու ծառայությունների տնտեսության» մոդելից և զարգացնի բարձր արժեք ստեղծող ոլորտներ՝ արդյունաբերություն, տեխնոլոգիաներ, գյուղմթերքի վերամշակում, կանաչ էներգետիկա։ Սա կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը ոչ միայն Երևանում, այլև մարզերում, որտեղ աղքատության մակարդակը ամենաբարձրն է։ Եթե ստեղծվի այնպիսի միջավայր, որտեղ տեղական բիզնեսը կարող է աճել և թողարկել մրցունակ արտադրանք, ապա աղքատության դեմ պայքարը կդառնա ինքնավերարտադրողական գործընթաց՝ ոչ թե օգնությունների, այլ աշխատանքի միջոցով։

Երկրորդ հերթին՝ աշխատանքի արժևորման և աշխատավարձերի արդար բաշխման քաղաքականություն է անհրաժեշտ։ Այսօր Հայաստանում կան հազարավոր մարդիկ, որոնք աշխատում են ամբողջ դրույքով, սակայն շարունակում են մնալ աղքատության սահմանագծից ցածր։ Սա նշանակում է, որ աղքատության խնդիրը միայն գործազրկությունը չէ, այլ նաև ցածր վարձատրությունը։ Անհրաժեշտ է պետական մակարդակով խթանել նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացումը՝ զուգահեռ հարկային արտոնություններ տալով այն գործատուներին, որոնք ստեղծում են որակյալ և արժանապատիվ աշխատատեղեր։

Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ, առանց կրթության համակարգի խորքային բարեփոխման, աղքատությունը հնարավոր չէ հաղթահարել։ Հայաստանում կրթությունը դեռևս չի տալիս այն հմտությունները, որոնք պահանջում է ժամանակակից աշխատաշուկան։ Պետք է ներդնել որակյալ մասնագիտական և տեխնոլոգիական կրթական ծրագրեր մարզերում, իրականացնել պետական-մասնավոր համատեղ կրթական նախագծեր, որպեսզի երիտասարդությունը ստանա կիրառական գիտելիքներ և աշխատելու հնարավորություն հենց Հայաստանի ներսում։ Սոցիալական քաղաքականությունը պետք է արմատապես փոխվի՝ դառնալով ոչ թե օգնություն բաժանող, այլ մարդկանց հզորացնող համակարգ։ Պետությունը պետք է ուղղի աջակցությունը ոչ թե երկարաժամկետ նպաստների, այլ մասնագիտական վերապատրաստման, փոքր բիզնեսի ֆինանսավորման, գյուղատնտեսական նորարարությունների ու համայնքային զարգացման ծրագրերի վրա։ Նպատակն այն չէ, որ մարդիկ ստանան պարբերական օգնություն, այլ այն, որ կարողանան ինքնուրույն ապահովել իրենց եկամուտը։

Տարածքային անհավասարությունների կրճատումը նույնպես կարևոր նախապայման է։ Հայաստանի աղքատության հիմնական բեռը կրում են սահմանամերձ և լեռնային շրջանները։ Պետք է ներդնել պետական ծրագրեր՝ ուղղված մարզերի ու հատկապես սահմանամերձ շրջանների տնտեսական աշխուժացմանը՝ հարկային արտոնություններով, ենթակառուցվածքների զարգացմամբ, տեղական արտադրության խրախուսմամբ։ Մարզերի զարգացումը կնպաստի նաև Երևանի գերբեռնվածության նվազեցմանը, տարածքային համաչափ զարգացմանը և ժողովրդագրական հավասարակշռությանը։

Աղքատության դեմ պայքարի տեսանկյունից շատ կարևոր է պետական կառավարման և հակակոռուպցիոն համակարգերի ամրապնդումը։ Աղքատության դեմ պայքարը հնարավոր չէ, եթե պետական միջոցները վատնվում, փոշիացվում են անարդյունավետ ծախսերի արդյունքում կամ ուղղվում են սխալ ուղղություններով։ Անհրաժեշտ է ապահովել սոցիալական ծրագրերի թափանցիկ վերահսկողություն, բյուջետային ծախսերի հաշվետվողականություն և պետական գնումների արդար մրցակցային մեխանիզմներ։ Եվ, վերջապես, աղքատության հաղթահարման համար անհրաժեշտ է հասարակական մտածողության փոփոխություն։ Աղքատությունը պետք է ընկալվի ոչ թե որպես անհատի «անձնական ձախողում», այլ որպես հանրային համախմբման պահանջ։ Հարկավոր է աղքատության մեջ գտնվող մարդուն օգնել, որ նա դուրս գա այդ վիճակից, ոչ թե նրան մեղադրել, թե «աղքատությունն իր գլխում է, դրա համար էլ աղքատ է»։

Այսպիսով, աղքատության հաղթահարումը Հայաստանում պահանջում է ոչ թե մեկ միջոցառում կամ ծրագիր, այլ համակարգային, համակողմանի և հետևողական քաղաքականություն, որտեղ տնտեսական զարգացումը, կրթությունը, ռեսուրսների արդյունավետ բաշխումը և պետական պատասխանատվությունը միահյուսվում են մեկ ռազմավարության մեջ՝ ուղղված մարդու արժանապատիվ կյանքի և սոցիալական արդարության հաստատմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում   

Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула
Самое популярное