Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ալուշտա գինի
ՖՈՏՈՂրիմը միշտ է եղել գինեգործական շրջան, և կարմիր գինիները միշտ սիրվել են այստեղ՝ հին հույներից և սկյութներից մինչև մեր օրերը։ Հետևաբար, 19-րդ դարում թերակղզում Մասանդրա գործարանի հայտնվելուց ի վեր, նրա մասնագետների կողմից ստեղծված գինիները միշտ մեծ պահանջարկ են ունեցել։ Հիմնադրումից ի վեր Մասանդրան ժառանգել է Ղրիմի լավագույն խաղողի այգիները, այդ թվում՝ Ալուշտայի մոտակայքում գտնվողները, որտեղ կլիման և հողը իդեալական են կարմիր խաղող աճեցնելու համար։ Լավագույն եվրոպական ապրանքանիշերի հետ մրցակցող գինիներ ստեղծելու փորձերը տևել են տասնամյակներ շարունակ, և «Ալուշտա սեղանի կարմիր» գինին կարելի է համարել ամենահաջողված հայտնագործություններից մեկը։
Գինիները նման են հեքիաթների. յուրաքանչյուրը կարելի է բազմիցս վերապատմել, և ամեն անգամ դա նոր պատմություն է։ Եվ այդ զարմանահրաշ խմիչքներից մեկը կրում է բավականին երկար անվանում՝ «Ալուշտա սեղանի կարմիր»։ Չնայած այդ գինին բավականին երիտասարդ է՝ ծնվել է ընդամենը 1937 թվականին, այն արդեն իսկ իր հետքն է թողել գինեգործության պատմության մեջ։ Համենայն դեպս, ինչպես և բոլոր նրանք, որոնք կրում են Մասանդրա ապրանքանիշը։
Եվ չնայած այդ գինու անվանումը կարող է միօրինակ թվալ, բայց բովանդակությունը բավականին պոետիկ է։ Սկսեք գույնից՝ հարուստ կարմիր, որը հիշեցնում է հասուն նուռը։ Համի մեջ այն ունի մեղմ թթվայնություն, թեթևակի համեմունք և վառ ծաղկային նոտաներ՝ մանուշակ, մինյոնե և ծաղկող խաղողի որթ։ Այն ունի սաֆյանի պարուրող փափկություն՝ թեթևակի տտիպ և սահուն կանացի։
Այս ուշագրավ գինին չի վրիպել տարբեր միջազգային մրցույթների խիստ ժյուրիների ուշադրությունից։ Ստեղծումից ի վեր «Ալուշտա կարմիր սեղանի» գինին արժանացել է վեց ոսկե և մեկ արծաթե մեդալի։
Այս ազնիվ գինու խաղողը աճեցվում է Ալուշտայի պլանտացիաներում, որոնք գտնվում են լեռան ստորոտում (գինին ստացել է այդ լեռան անվանումը)։ Կաբեռնե Սովինյոն, Սապերավի, Մորաստել... սրանք «Ալուշտա սեղանի կարմիր»-ի հիմքը կազմող կարմիր խաղողի տեսակների անուններն են։ Խառնուրդի մնացած մասը գինեգործների մասնագիտական գաղտնիքն է։ Երիտասարդ գինին երկու տարի պահվում է կաղնե տակառներում՝ նախքան շշալցվելը և մատուցվելը։ Հարկ է նշել, որ 2000 թվականին այդ գրավիչ գինու «բաղադրատոմսում» որոշ փոփոխություններ են կատարվել։ Եվ, ենթադրաբար, այդ «վերափոխումը» օգուտ է բերել խմիչքին, և այդ ժամանակահատվածից հետո է նա նվաճել իր մեդալների մեծ մասը։
Այս գինին հիանալի լրացում է մսային ուտեստներին։ Այն հարստացնում է դրանք նոր համերով՝ հաղորդելով հատուկ կծվություն։ Ալուշտան շատ կանացի գինի է՝ թեթև (10-13% սպիրտայնություն), գեղեցիկ է և ունի գլխապտույտ համ։ Եվ այնպես որ, մի հրաժարվեք այն փորձելուց միայն այն պատճառով, որ դրա անունը այնքան «ազնիվ» չի հնչում, որքան խաղողը, որից պատրաստվում է այդ գինին։
Կ. Խաչիկյան