Ծանոթ ու միաժամանակ անհայտ …ֆիննական մեխ
ՖՈՏՈԻնչ վերաբերում է մեխի կառուցվածքին, ապա այն չափազանց պարզ է՝ գլխարկ, ձող և սուր ծայր։ Երբեմն կարելի է գտնել կողավոր կամ պտուտակաձև արտադրանք՝ ավելի լավ ամրացման համար, բայց սովորաբար այստեղ էլ ավարտվում է արտադրողների երևակայությունը։ Եվ թվում է՝ մեխի մեջ ուրիշ ի՞նչ կարելի է հորինել։ Այնուամենայնիվ, կան նաև այնպիսիք, ովքեր կարողացել են նորարարություններ մտցնել այդ թվացյալ իդեալական տեսքով շինանյութի մեջ։
Այդ «մեկը» պարզվում է՝ ֆիններն են։ Չնայած Գոլֆսթրիմի շնորհիվ ստացած համեմատաբար մեղմ ձմռանը, Ֆինլանդիան պարբերաբար տառապում է ուժեղ քամիներից։ Հատկապես դժվար է հյուսիսային ափին, որտեղ քամու պոռթկումները կարող են հասնել այնպիսի ուժի, որ վատ ամրացված տները կարող են թռչել հեքիաթի աղջկա՝ Էլլիի հետքերով։ Նման պայմաններում ստանդարտ մեխերը ոչ միայն անարդյունավետ են, այլև վտանգավոր։ Ֆինները գնացել են իրենց ճանապարհով և մեխերը չեն փոխարինել ինքնապտուտակներով, ինչպես կարելի էր ենթադրել։ Դրա փոխարեն նրանք հորինել են իրենց սեփական տեսակի մեխը՝ Ankernagel-ը։ Այդ մեխերը ստեղծվել են՝ հաշվի առնելով բեռնվածության ավելացումը, քամու կամ ծանր կառուցվածքների ճնշումը հատկապես այն վայրերում, որտեղ ամրացված են մետաղական անկյունները և ծածկի թիթեղները։
Արտաքինից դրանք անսովոր տպավորություն չեն թողնում։ Նույն գլխարկն ու ձողն ունեն։ Սակայն ավելի մանրակրկիտ զննելուց հետո նկատելի են էական տարբերություններ։ Այդ մեխերի գլխարկը գրեթե կրկնակի հաստ է, ձողն էլ ինքնին ավելի զանգվածեղ է, պտուտակաձև ոլորված, իսկ գլխարկի տակ կա կոնաձև հաստացում։ Անցքի մեջ մխրճվելիս այն ոչ միայն պաշտպանում է գլխարկը պոկվելուց, այլև միացվող մետաղական թիթեղը սեղմում է փայտի վրա, ինչը ստեղծում է լրացուցիչ կպչունության էֆեկտ՝ բարձրացնելով կառուցվածքի հուսալիությունը։ Հատուկ պտուտակված մակերեսի և վերը նշված առանձնահատկությունների շնորհիվ նման մեխերը ամուր ամրացվում են փայտի վրա՝ ցույց տալով ամրացման ուժ, որը հինգ անգամ ավելի բարձր է, քան սովորական մեխերինը։
Զարմանալի չէ, որ Ֆինլանդիան նման արտադրանքի համար ներդրել է որակի վերահսկողության խիստ միջոցառումներ։ Բոլոր ֆիննական մեխերը ենթակա են պարտադիր հավաստագրման։ Ավելին, եթե պարզվի, որ տան վնասումը տեղի է ունեցել անորակ մեխերի պատճառով, պատասխանատվությունը ընկնում է մեխ արտադրողի վրա։ Դա միայն տուգանք և լիցենզիայի կորուստ չէ․ խախտողը ստիպված է փոխհատուցել վնասված շենքի վերանորոգման ծախսերը։ Եվ այդ մոտեցումը շատ ավելի արդյունավետ է։ Ի վերջո, ոչ ոք չի ցանկանում իր գրպանից վճարել ուրիշի տան համար։
Կ. Խաչիկյան