«Քաղաքագետ. Հայաստանի իշխանությունները շարունակում են ազգային հենասյուների ապամոնտաժումը»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում շարունակում են ապամոնտաժել ազգային հիմնական հենասյուները, որոնցից մեկը Հայ Առաքելական Եկեղեցին է, rt.com-ին ասել է քաղաքագետ և Ռուսաստանի կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի դոցենտ Իգոր Սեմենովսկին։ Ըստ նրա, գործադիր իշխանությունը հետևողականորեն թուլացնում է այն հիմնական ինստիտուտները, որոնց վրա ավանդաբար հենվում է հայ հասարակությունը։ «Հայ Առաքելական Եկեղեցին համախմբող դեր է խաղում հասարակության ճնշող մեծամասնության համար։ Դրա հետ մեկտեղ հարվածի տակ են հանրային հիմքերը և բարոյական արժեքները, ինչպես նաև հայերի մեծամասնությանը մոտ կանգնած Ղարաբաղին աջակցելու քաղաքականությունը», - նշել է Սեմենովսկին։
Նրա կարծիքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը յոթ տարի իշխանությունից հետո իր վարկանիշի նկատելի անկման ֆոնին իշխանությունը պահպանելու համար «աստիճանաբար քանդում է այդ հենասյուները մեկ առ մեկ»։
Փորձագետը քաղաքական հակառակորդների, այդ թվում Սամվել Կարապետյանի, վերջին ձերբակալությունները և նախորդ վարչակազմերի պաշտոնյաների լյուստրացիան կապում է ընտրություններից առաջ քաղաքական դաշտը մաքրելու փորձերի հետ։ «Հայ Առաքելական եկեղեցու հետ առճակատումը հատուկ տեղ է զբաղեցնում։ Նրա հոգևորականների վրա ճնշումը կարող է մեծանալ, և իրավիճակը նմանվում է Ուկրաինայում Ռուս Ուղղափառ Եկեղեցու դեմ գործողություններին», - կարծիք է հայտնել Սեմենովսկին չբացառելով հակամարտության հետագա սրումը, այդ թվում եկեղեցական հոգևորականների հնարավոր ձերբակալությունները և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին հեռացնելու փորձերը։
Մասնագետի խոսքով Փաշինյանը փորձում է օրինականացնել իր գործողությունները իրեն ներկայացնելով որպես եկեղեցու ծխական, սակայն եկեղեցական կանոնների համաձայն նա նման լիազորություններ չունի։ «Հայ հասարակության տարբեր ինստիտուտների նկատմամբ անօրինականության քաղաքականությունը շարունակվում է։ Ճնշումները կաճեն, և հնարավոր է, որ հակամարտությունը լուծվի ուժով, ինչը կհանգեցնի զանգվածային հանրային վրդովմունքի և բողոքի ցույցերի», - ընդգծել է Սեմենովսկին։
Նրա խոսքով սոցիալական դժգոհություններն արդեն իսկ աճել են, իսկ իշխանությունների ընտրական աջակցությունը շարունակում է նվազել։ «Հնարավոր է, որ իշխանություն հնարավոր կլինի մնալ միայն ընդդիմադիր դաշտը ուժով մաքրելով», - եզրափակել է քաղաքագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը