Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եթե գաք Իջևան ու ասեք՝ Օհանյան Արմեն, իրեն բոլորը՝ մեծից փոքր, ճանաչում են: Բացի նրանից, որ նա զինվորական է, այլ նաև շատ շփվող էր, մեծ շրջապատ ուներ: Երբ մեկն իրեն զանգում էր ու մի բան խնդրում, պետք է ամեն ինչ աներ, միայն թե կարողանար այդ մարդուն օգտակար լիներ, եթե պետք լիներ, անգամ տասը հոգու կզանգեր, բայց այդ մարդու խնդրանքը կկատարեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անժելան՝ Արմենի կինը:
 
Արմեն Օհանյանը ծնունդով Իջևանից է: 1997-1999 թթ. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ թիվ N զորամասում՝ որպես հետախուզական դասակի հրամանատար: 2002 թ.-ին անցել է պայմանագրային զինվորական ծառայության նույն զորամասում, սկզբում՝ որպես դասակի, այնուհետև՝ վաշտի հրամանատար։ 2004 թ.-ին առաջխաղացման կարգով նշանակվել է 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ, իսկ 2010 թ.-ին 4-րդ հրաձգային գումարտակում՝ նույն պաշտոնին։ 2012 թ.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով նշանակվել է նույն զորամասում՝ որպես 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատար: 2016թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ թիվ N զորամասում՝ որպես հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ: Սա փոխգնդապետ Արմեն Օհանյանի զինվորական կենսագրության թվերի ու իրադարձությունների չոր փաստագրումն է:
 
Հրապարակումներ, զրույցներ, տեսանյութեր աչքի անցկացնելիս նկատում էի՝ բոլորի շուրթերին նույն ձևակերպումն էր, թե ինչպիսի մարդ է եղել Արմենը և ինչ ներդրում ունի Իջևանի զորամասի մարտական հենակետերի ամրացման, նոր հենակետերի կառուցման, կենցաղային պայմանների ապահովման, անվտանգության կառույցների շինարարության գործում: Տիկին Անժելան ևս նույնն է փաստում: «Այնքան մեծ է նրա ներդրումը Տավուշում դիրքերի կահավորման հարցում, մշտապես հովանավորներ է գտել, որ կատարի այդ կարևոր գործը: Իր ընկերներն օգնել են շինանյութով, անհրաժեշտ ամեն ինչով՝ նրա համար, որ դրա նախաձեռնողն Արմենն էր: Այս պահին իր սարքածպահած 14 հենակետ անցել է Ադրբեջանին: Հիմա շատերն են ասում՝ Արմենը լիներ, թույլ չէր տա, որ նման բան տեղի ունենա: Իր աշխատանքը միշտ եղել է դիրքերում, երբ իրեն ասում էի՝ հիմա կարող ես արդեն միայն գնդում աշխատել, արձագանքում էր՝ ես առանց դիրքերի չեմ կարող, իմ կյանքն այնտեղ է»: Արտաքինից խիստ երևացող փոխգնդապետը շփման մեջ բարի էր, բոլորին հասնող:
 
«Շատ խիստ էր երևում, բայց իրականում այնքան բարի էր: Զորամասում էլ էր այդպիսին, բոլորն իրեն տեսնելիս զգաստանում էին, բայց յուրաքանչյուր զինվորի կողքին էր: Սոցիալապես վատ պայմաններում ապրող զինվորի մասին հոգ էր տանում, ամեն ինչով աջակցում: Հետո, երբ զորացրվում էին, օգնում էր անգամ, որ աշխատանք գտնեն: Յուրաքանչյուրն է ասում՝ գիտեինք, որ Արմենը խիստ է, բայց եթե ինչ-որ հարցով իրեն դիմում էինք, նա երբեք չէր մերժում մեզ»: Փոխգնդապետ Օհանյանը մասնակցել է տասնյակ դիվերսիոն գործողությունների հետ մղմանը և գերազանց կատարել իր առաջ դրված հանձնարարությունները:
 
Ծառայության ընթացքում իր ֆունկցիոնալ պարտականությունները անթերի կատարելու, օրինակելի զինվորական կարգապահության և անձնուրաց նվիրումի համար պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Մարտական հերթապահության համար 1-ին աստիճան», «Անբասիր ծառայության» 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի գերատեսչական, «Բանակի 20 տարի» մեդալներով և Երկրապահ կամավորականների միության հուշամեդալով: Սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմից անմասն չմնաց նաև փոխգնդապետը: «Այդ ժամանակ Արմենն արձակուրդում էր, զանգեցին, նա անմիջապես գնաց զորամաս և օրեր շարունակ այնտեղ էր»: Հոկտեմբերի 16ին վերադաս հրամանատարության կողմից ստացված կարգադրությունից անմիջապես հետո գնդի անձնակազմի հետ միասին մեկնել է Արցախի Հանրապետություն: «Եկավ տուն ու ասաց՝ հրաման կա, մեզ տանում են: Իրենց հրետանին Մարտակերտում էր, արդեն չկար: Հասնում են Քաշաթաղի շրջան: Իրենց տանում են Այգեհովիտ գյուղ, ասում՝ պետք է հետ վերցնենք այն:
 
Հոկտեմբերի 17-ին մտնում են այդ հատված, 18-ին արդեն 40 կմ առաջ գնացած են լինում այն դեպքում, երբ իրենց հրետանին չկար: Զինվորների հետ 7-8 սպա կանգնում են առաջին գծում, երկրորդ գծում լինում են պայմանագրային ծառայողները: Հարձակումը սկսվում է, իր հրամանատար Թաթուլ Ղազարյանը որոշում է կայացնում անձնակազմին տեղափոխել առավել նպաստավոր բնագիծ՝ հնարավոր շրջափակումից խուսափելու համար: Արմենը վերցնում է գնդացիրը, շեղում թշնամուն, գնում այլ ուղղությամբ, սկսում այդտեղից կրակել և ուշադրությունն իր վրա վերցնել, որպեսզի հրամանատարը կարողանա զինվորների հետ նահանջել: Նրանց, ցավոք, թիրախավորում է անօդաչուն: Արմենը, հասկանալով, որ թշնամին իրեն է հասնում, բնականաբար, նա գերի չէր ընկնելու, նռնակով ինքն իրեն պայթեցնում է: Միայն վերջերս իմացանք, որ երկու նռնակ է գործի դրել: Թշնամին գտել էր մյուս տղաների մարմինները, իսկ Արմենինը՝ ոչ: Այդ օրը նաև ոմանք փրկվել են, հաճախ գալիս են ինձ մոտ պոլիկլինիկա, որտեղ բուժքույր եմ աշխատում, ասում՝ եթե Օհանյանը չլիներ, մենք չէինք լինի: Շատերը հասցրել են նահանջել, շատերին էլ չի թողել մտնեն մարտի դաշտ»:
 
Փոխգնդապետն անմահանում է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղում: Տուն է «վերադարձել» զոհվելուց երկու ամիս անց: «Մեր տղան պատերազմի ժամանակ ծառայում էր Արցախում: Արմենը միշտ ասում էր՝ իմ տղեն պիտի ծառայի: Երբ Արմենի զոհվելու լուրը տարածվեց, տղայիս պատերազմի դաշտից տուն ուղարկեցին: Իր վաշտում 36 հոգուց 4-ն են ողջ մնացել: Եթե տղաս մնար, մեծ հավանականությամբ, նա էլ կզոհվեր: Կարծես Արմենը գնար ու մեր տղային փրկեր: Երկու ամիս սպասում էինք հրաշքի, որ Արմենը վերադառնալու է, բայց տղաս տեսել էր պատերազմը և զգում էր, որ հայրիկն էլ չկա»: Տիկին Անժելան ասում է՝ հիմա յուրաքանչյուրը փորձում է մի բան անել Արմենի անունը հավերժացնելու համար: «Ամուսնուս ընկերը, որը մշտապես նրա կողքին է եղել, հովանավորել դիրքերի կահավորման հարցում, ստորագրահավաք էր կազմակերպել, որ Արմենին ազգային հերոսի կոչում տան, այդ առումով արդյունք չեղավ: Իսկ հիմա նա Տավուշի հատվածում դիրք է կահավորել, մեծ ծախս կատարել, ասել՝ Հայաստանի ամենալավ դիրքը պետք է լինի ու Արմենի անունը կրի:
 
Իջևանի թիվ N զորամասի տարածքում հուշաքար տեղադրվեց, դա նախաձեռնել էին գնդի պայմանագրային զինծառայողներն իրենց սեփական ֆինանսական միջոցներով: Կենցաղային հարցերով, երբ, օրինակ՝ տանը շինարարական կամ այլ աշխատանք ենք կատարում, աշխատողները չեն ուզում գումար վերցնել: Հարգում են Արմենին, շատ գնահատելի է, որ չեն մոռանում նրան»: Ապրելու ուժի մասին: «Երեխաներս են ուժ տալիս: Նրանք ինձ փոխեցին: Ուզում են, որ ամեն տեղ գնամ: Կոլեկտիվս մի տեղ է գնում, երեխաներս ասում են՝ դու էլ գնա: Կոլեկտիվս էլ է ինձ շատ օգնել, ամեն րոպե ուշադիր եղել իմ նկատմամբ: Արմենն ասում էր՝ հարսանիք չենք ունեցել, բայց իմ երեխաներին անպայման հարսանիքով եմ ամուսնացնելու: Երբ աղջիկս նշանված էր, ասացի՝ Արմենն ինչպես ցանկացել է, այդպես էլ անելու եմ: Հարսանիքով ամուսնացրեցի աղջկաս, ինձ համար դժվար էր, որ այդ օրը մենակ էի, բայց կյանքի կոչեցի Արմենի ցանկությունը: Կարծես անընդհատ իմ կողքին կլինի: Երբ ինչ-որ պահի ընկճվում եմ, հիշում եմ՝ դեռ տղայիս էլ պիտի ամուսնացնեմ, այդ օրն իր կողքին պիտի լինեմ: Հետո մտածում եմ՝ պիտի դեռ թոռներս ծնվեն, շատ եմ սպասում այդ օրվան, թե երբ եմ թոռնիկներ ունենալու: Սա է իմ ուժի աղբյուրը»:
 
Հ. Գ. - Փոխգնդապետ Արմեն Օհանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Իջևանի գերեզմանատանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула
Самое популярное