Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով ռազմական խորհրդի 23-րդ նիստը։
Հանդիպման ընթացքում կողմերը վերլուծել են ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, անդամ երկրներին սպառնացող սպառնալիքներն ու անվտանգության մարտահրավերները, ինչպես նաև նախանշվել են ռազմական ոլորտում հետագա փոխգործակցության ուղիները։
ՌԴ Գլխավոր շտաբի ղեկավարը նշել է, որ ՀԱՊԿ երկրների ռազմական ղեկավարները «համաձայնել են առաջադեմ մարտական փորձը ներդնել ՀԱՊԿ զորքերի (կոլեկտիվ ուժերի) պատրաստման պրակտիկայում»։
Ըստ ՌԴ ռազմական գերատեսչության՝ հանդիպմանը, մասնավորապես, «ներկայացվել են անօդաչու թռչող սարքերի կիրառումը կազմակերպելու և դրանց ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով հակազդելու ժամանակակից մոտեցումները՝ հիմնված Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում ձեռք բերված փորձի վրա»։
ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները, միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ։
Հայաստանի գլխավոր շտաբի ներկայացուցիչները չեն մասնակցել հանդիպմանը։