Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 360 մլն դոլար, ԵԱՏՄ-ից զուտ հոսքերի ծավալը 58 մլն է. Պապոյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանում նախորդ տարվա հունվար–սեպտեմբերին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 360 մլն դոլար, ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 58 մլն դոլար։ Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը։
«2023 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 278 մլն դոլար, նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 360 մլն դոլար, որից ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 58 մլն դոլար»,–ասաց Պապոյանը։
2022թ ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 451․5 մլն դոլար։ ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 364 մլն դոլար, գլխավորապես ՌԴ-ից են այդ ներդրումները։
Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 417 մլն դոլար, որից ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 250 մլն դոլար։