Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհայտ ծագման հազարավոր դոլարներ՝ Ավինյանի հակառակորդներին «սևացնելու» համար․ ինչպես են ՔՊ-ական կեղծ էջերն աշխատում Ֆեյսբուքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախընտրական շրջանում սոցիալական ցանցերում ակտիվանում են ինչպես քաղաքական ուժերն ու գործիչները, այնպես էլ նրանց սատարող կեղծ օգտահաշիվներն ու էջերը։

Վերջերս այդպիսի ակտիվություն է նկատվում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարող ֆեյսբուքյան էջերի շրջանում։ Հատկանշական է, որ այդ ակտիվությունն առավել ակնհայտ դարձավ այն բանից հետո, երբ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին։

Մարությանի այս հայտարարությանը զուգահեռ, Ֆեյսբուքում վերաակտիվացան նախկինում ստեղծված, սակայն վերջին շրջանում որևէ հրապարակում չարած էջերը, ինչպես նաև ստեղծվեցին նորերը, որոնք միանգամից լծվեցին ինչպես քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին գովերգելու, այնպես էլ հակառակորդ թեկնածուներ Մարությանին, երբեմն էլ Մանե Թանդիլյանին վարկաբեկելու գործին։

Այս էջերի համաժամանակյա ակտիվացումը կամ ստեղծումը հիմք է տալիս պնդելու, որ դրանք կառավարվում են միևնույն կենտրոնից։

«Փաստերով» ֆեյսբուքյան էջը ստեղծվել է օգոստոսի 9-ին․ դրա նախորդ օրը՝ օգոստոսի 8-ին էր Մարությանը հայտարարել ավագանու ընտրություններին իր մասնակցության մասին։

Ստեղծվելուց րոպեներ անց այս էջում տեղադրվել է տեսանյութ, որտեղ պնդում է արվում, թե նոր ավտոբուսները ներկրվել են Տիգրան Ավինյանի ջանքերով։

Հաջորդ հրապարակումը էջում հայտնվում է արդեն մեկ շաբաթ անց, և թիրախում  կրկին Մարությանն է։ Այս անգամ արդեն հրապարակվել է օգտատերերից մեկի գրառումը, որտեղ վերջինս Հայկ Մարությանի առաջադրումը որակում է «քաղաքական աճպարարություն»։

Այնուհետև էջում հայտնվում են մի քանի տեսանյութեր Երևանում իրականացված բարեփոխումների վերաբերյալ, որոնցից մեկն էլ ավտոբուսներով փոխարինված «Գազելների» մասին է։

Հատկանշական է, որ եթե մյուս հրապարակումներն ունեցել են 1-2 հավանում կամ մեկնաբանություն, ապա Հայկ Մարությանին ու ավտոբուսներին նվիրված տեսանյութերի դեպքում հավանումների թիվը 400-700 է, ինչը թույլ է տալիս պնդել, որ այս երկու հրապարակումների համար կիրառվել է ֆեյսբուքյան գովազդ։ Ի դեպ, նույնիսկ էջում տեղադրված լուսանկարներին նայելով կարող ենք պնդել, որ այն բացվել է Հայկ Մարությանի դեմ քարոզչական արշավի շրջանակներում․ հրապարակված չորս նկարներից երկուսն էջի անվանումով նկարներ են, մյուս երկուսը «նվիրված են» Հայկ Մարությանին։

Նյութը գրելու ընթացքում էջում կրկին տեղադրվեց հրապարակում, որի համար կիրառվում է ֆեյսբուքյան գովազդ։

Հաջորդ օրը՝ օգոստոսի 9-ին, ստեղծվեց News 23 էջը։ Ստեղծումից րոպեներ անց արդեն արվում է առաջին հրապարակումը և, իհարկե, Հայկ Մարության մասին։ Րոպեներ անց հայտնվում է մեկ հրապարակում ևս՝ նորից Մարությանի մասին։

Ի դեպ, այս էջը դեռևս չի օգտվել ֆեյսբուքյան գովազդից և չունի որևէ հավանում կամ հետևորդ։

Հաջորդը «Հզոր Հայաստան» էջն է, որն ունի ավելի քան 10 հազար հավանում։

Այն ստեղծվել է 2020 թվականին և ունեցել է «Մեմերի երկիր Հայաստան» անվանումը։ Սկզբում այն ունեցել է ժամանցային էջի կարգավիճակ, սակայն 2021-ի ՏԻՄ ընտրությունների նախաշեմին ակտիվ քարոզչություն է իրականացրել  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։

Էջում հրապարակումներ չէին արվել 2021-ի դեկտեմբերի 3-ից՝ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի վերջին օրվանից։ Ավելի քան 1․5 տարի անց, սակայն, էջը վերագործարկվել է և հետաքրքիր զուգադիպությամբ՝ հենց օգոստոսի 8-ին, ինչպես նախորդ էջերը։

Վերագործարկվելուց հետո սկսվել է ակտիվ քարոզչությունը։ Դա արտահայտվում է Տիգրան Ավինյանի մասնակցությամբ կամ վերջինիս ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութերի տարածմամբ, սթորիների տեղադրմամբ և այլն։

Մյուս հետաքրքիր զուգադիպությամբ՝ վերը նշված էջերը Հայկ Մարությանին «վերաբերող» տեսանյութերը տարածել են միևնույն օրը՝ օգոստոսի 9-ին։ Ի դեպ, Հայկ Մարությանին «նվիրված» տեսանյութերի դեպքում այս էջը, ամենայն հավանականությամբ, օգտվում է Ֆեյսբուքի վճարովի գովազդի ծառայությունից։

Դա է վկայում այն փաստը, որ նմանօրինակ տեսանյութերն ունենում են մի քանի հարյուր ռեակցիա, իսկ մյուս տեսանյութերը՝ մեկ կամ մի քանի ռեակցիա։

Ի դեպ, էջում գովազդի ներքո հրապարակված էր «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հարցազրույցից մի հատված, որտեղ Բեգոյանը բացասական լույսի ներքո էր ներկայացնում Հայկ Մարությանի՝ քաղաքապետ ժամանակվա գործունեությունը։

Հոդվածը գրելու ընթացքում էջից անհետացան նախկինում միացված գովազդները և հայտնվեցին նորերը։

Հատկանշական է, որ այստեղ գովազդատուի վերաբերյալ տվյալները գրեթե համընկնում են մեկ այլ էջում հրապարակված գովազդատուի տվյալների հետ, որին կանդրադառնանք ստորև։

«Armenian News» էջը ևս ստեղծվել է 2021-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ հունիսի 8-ին։ Հայտնի չէ, թե ինչ բովանդակությամբ հրապարակումներ են արվել այդ օրերին, սակայն էջը կտրուկ ակտիվացել է օրեր առաջ՝ սեպտեմբերի 2-ին։ Էջի գլխավոր լուսանկարը նույն գրվածքն ունի, ինչ «Փաստերով» ֆեյսբուքյան էջը, պարզապես մի փոքր այլ տառատեսակով։ Իսկ միակ հրապարակումն ու ուղեկցող գրառումը նույնն են, ինչ «Փաստերով» էջի դեպքում է։

Միայն այս հրապարակման տարածման վրա ծախսվել է 400-500 ԱՄՆ դոլար։

Ինչպես նշեցինք, թեև հայտնի չէ, թե ովքեր են գովազդատուները, սակայն վերջիններիս հեռախոսահամարները, կրկին հետաքրքիր զուգադիպությամբ, ընդամենը մեկ նիշով են տարբերվում միմյանցից, ինչը ևս հեռու է պատահականություն լինելուց։ Եթե «Հզոր Հայաստան» էջում տեղադրված գովազդի համար պատվիրատուն գրանցել էր 098 02 71 20 հեռախոսահամարը, ապա «Armenian News» էջում գովազդատուի հեռախոսահամարը 098 02 41 20 է։

Թե ովքե՞ր են այս հեռախոսահամարները տնօրինում՝ կրկին հայտնի չէ։

«Խորհրդավոր Երևանցի» էջը ստեղծվել է այս տարվա մարտին, և չնայած էջում մինչև օգոստոսի 1-ը հրապարակումներ գրեթե չկան, այնուամենայնիվ, էջը հասցրել է ունենալ ավելի քան 10,000 հավանում և հետևրդ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նախկինում արված գրառումները ջնջված են։

Ինչպես նշեցինք, էջն ակտիվացել է օգոստոսի 1-ից։ Հիմնական բովանդակությունը նույնն է՝ իշխող կուսակցությանն աջակցող հրապարակումներ և հակառակորդների դեմ քարոզչություն, որը երբեմն ուղեկցվում է վերջիններիս հանդեպ վիրավորական գրառումներով։

Մեկ այլ էջ՝ «C News»-ը, ստեղծվել է այս տարվա փետրվարին։ Էջի արտաքին տեսքն ու civic.am կայքից կիսված նյութերը վկայում են, որ այն կապված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ (civic.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ստեղծված լրատվամիջոց է)։ Դա առավել ակնհայտ է դառնում, երբ տեսնում ենք, որ էջը հրավիրում է հետևել civic.am-ի տելեգրամյան ալիքին, իսկ էջում տեղադրված գովազդները ֆինանսավորվել են հենց civic.am-ի, նույնն է թե՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։ Ի դեպ, գովազդների վրա ծախսվել են բավական մեծ գումարներ՝ մի քանի հարյուր դոլար։

 

Էջում մի քանի առօրյա հրապարակումներից բացի, մինչ նախընտրական քարոզչության սկիզբը մի քանի անգամ թիրախավորվել էր «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, իսկ քարոզարշավի մեկնարկից հետո արդեն՝ նաև Հայկ Մարությանը։

Այս ցանկից, թերևս, ամենից մեծ «կշիռն» ունի «Ճիշտը» ֆեյսբուքյան էջը։ Հենց այս էջից էր պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կիսվել ՔՊ-ին սատարող հոլովակով, որտեղ արհեստական միջամտությամբ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին «ջնջել» էին ավտոբուսների վարկավորման պայմանագիրը ստորագրելու կադրերից (Ալեքսանյանը հետագայում ընդունել էր սխալը)։

Իսկ այս նյութի պատրաստման ընթացքում էջում հրապարակված տեսանյութերից մեկը կիսել են ՔՊ ավագանու թեկնածուներ Արմեն Գալջյանն ու Խորեն Գրիգորյանը: Վերջինս հետագայում իր էջից հեռացրել էր այդ հրապարակումը։

Էջը ստեղծվել է 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից մի քանի շաբաթ առաջ, և հիմնական թիրախում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր։ Տեղադրված տեսանյութերի մի մասի հաղորդավարը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիլեն Գայֆեջյանն է։

Այդ նախընտրական ժամանակահատվածում էջում տեղադրված նյութերն ուղղված էին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, իսկ ընտրություններից հետո էջում «լռություն էր»։ Էջի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ այն ակտիվանում է ժամանակ առ ժամանակ՝ հատկապես հանրային հնչեղություն ունեցող այնպիսի իրադարձությունների ընթացքում, որոնք այս կամ այն կերպ կարող են «անհանգստացնել» իշխող ուժին։

Օրինակ, նախորդ տարվա սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի վրա ադրբեջանական ագրեսիայի օրերին էջը կրկին ակտիվացավ և սկսեց մեղադրել, նախ, Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, ապա նախկին նախագահներին, կաթողիկոսին և այլն։ Այդ անգամ ակտիվությունը պահպանվեց մոտ մեկ ամիս, այնուհետև էջը կրկին դադարեց հրապարակումներ անելուց։

Էջի հաջորդ հրապարակումն այս տարվա մարտին էր՝ ընդդեմ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի, այնուհետև թիրախում կրկին Դաշնակցությունն էր, հետո էլի Մանե Թանդիլյանը, իսկ արդեն օգոստոսի 8-ից՝ Հայկ Մարությանը։

YUMMY FOOD և «Մածուն» էջերը գործում են 2010 թվականից, և ինչպես անուններն են հուշում, ֆուդ-բլոգ են: Սակայն, ինչպես մյուս էջերի դեպքում, սրանք ևս ինչ-որ պահից կտրուկ փոխել են «գործունեության ոլորտը»՝ զբաղվելով քաղաքական բովանդակությամբ հրապարակումներ անելով։

«Մածունը» 2021-ին զբաղված էր Կապանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանին աջակցող ու հակառակորդ թեկնածու Գևորգ Փարսյանի դեմ քարոզչություն իրականացնելով։ Սակայն այդ ընտրություններից հետո այս էջը ևս դադարեց հրապարակումներ անելուց մինչև այս տարվա օգոստոսի 8-ը

2-3 չեզոք գրառումներից ու տեսանյութերից հետո էջում միանգամից հայտնվում է Հայկ Մարությանի վերաբերյալ առաջին հրապարակումը և, բնականաբար, ոչ դրական լույսի ներքո։

«YUMMY FOOD» էջը ևս ֆուդ-բլոգ էր՝ ընդհուպ մինչև 2018-ի տարեվերջ։ Սակայն սկսած 2018-ի դեկտեմբերից էջում «լռություն էր» մինչև այս տարվա օգոստոսի 8-ը։ Օգոստոսի 8-ից էջում մեկը մյուսի հետևից սկսում են հայտնվել ուտելիքների լուսանկարներ մինչև օգոստոսի 19-ը, իսկ դրանից հետո միանգամից քաղաքական բովանդակություն, և ինչպես կռահեցիք՝ ընդդեմ Հայկ Մարությանի և հօգուտ Տիգրան Ավինյանի։ Էջը օգտվել է նաև ֆեյսբուքյան գովազդից։

Այս բոլոր էջերի համաժամանակյա ու նույնաբովանդակ գործողություններից դատելով՝ դրանք ղեկավարվում են միևնույն կենտրոնից կամ առնվազն փոխկապակցված են։ Նպատակը ավելի շատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հակառակորդների դեմ քարոզչություն իրականացնելն է, հետո նոր միայն սեփական թեկնածուների գործունեության լուսաբանումը։

Ինչ վերաբերում է այս էջերում գովազդի տակ դրվող նյութերի ֆինանսավորման աղբյուրներին, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ՔՊ նախընտրական ֆոնդից գումարներ հատկացվում են բացառապես Տիգրան Ավինյանի ու ՔՊ կուսակցության պաշտոնական էջերում հրապարակվող նյութերի համար, մյուս էջերի համար, Կոստանյանի խոսքով, նախընտրական շտաբը պատասխանատու չէ։

Կոստանյանը խորհուրդ տվեց դիմել հենց կուսակցությանը՝ պարզելու, թե ովքեր են այդ էջերի վրա ծախսվող գումարները հատկացնում։

Այսպիսով փաստենք, որ ընտրությունից ընտրություն ստեղծվում կամ ակտիվանում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարող և քաղաքական հակառակորդների դեմ քարոզչություն իրականացնող բազմաթիվ էջեր, որոնց գործունեության համար ծախսվում են անհայտ ծագում ունեցող հազարավոր դոլարներ։

Հ․Գ․ Մենք զանգահարեցինք գովազդ միացրած էջերում նշված 098 02-71-20 և 098 02-41-20 հեռախոսահամարներին, սակայն դրանք անհասանելի էին։

Սևադա Ղազարյան 

Кому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»
Самое популярное