Տեղանունների պատերազմի փորձագետ. Հայաստանին սովորեցնում են «թիզ առ թիզ տարածք տալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆRossaprimavera.ru-ն գրում է, որ տեղանունների պատերազմը Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ մղվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, որը չի ճանաչում անգամ Հայաստանի քաղաքների պաշտոնական անվանումները: Այդ մասին հեռագրային իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Հայաստանի և Արցախի դեմ տարվող լայնածավալ հիբրիդային պատերազմում Բաքվի բարբարոս վարչակարգը օգտագործում է նաև «տեղանունների պատերազմի» բոլոր գործիքները՝ փաստորեն չճանաչելով անգամ ինքնիշխան երկրի տեղանունների պաշտոնական համակարգը»,- գրել է նա:
Այսպես է իրանագետը մեկնաբանել ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված հրապարակումը Տերտերի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Մուստագիմ Մամեդովին ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջի մասին, որն արտահայտվել է Տերտերում Ադրբեջանի պետական խորհրդանիշների թանգարանի բացման ժամանակ։ «Նախագահ Իլհամ Ալիևը նկատողություն է արել գործադիր գրասենյակի ղեկավարին, ըստ նրա Սիսիանի իրական անունը Գարաքիլսե է, որը հետո հայերը անվանել են Սիսիան, հետևաբար, ջնջեք դա և գրեք Գարաքիլսե», - ասված է հրապարակման վերնագրում:
Հայ փորձագետը նաև նշել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունները, որոնցում հայկական Վարդենիս քաղաքը հիշատակվում է որպես Բասարկեչար, Սիսիանը՝ Գարաքիլսե, Գորիսը՝ Գորուս և հայկական տեղանունների այլ աղավաղող տարբերակներ, նույնպես վկայում են տեղանունների պատերազմի մասին:
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երեք նոր անցակետեր բացելու մասին ՀՀ կառավարության նախագծում օգտագործվել են նաև ադրբեջանական անվանումներ։ «Նույնիսկ այնպիսի տեղանուն, ինչպիսին այժմ օկուպացված Քարվաճառն է, տրվում է Քելբաջարի տեսքով»,- շեշտել է Ոսկանյանը։
«Մեզանում կային այնպիսիք, ովքեր որդեգրել էին «ոչ մի թիզ հող» գաղափարը, իսկ հիմա հոգեբանորեն փորձում են մեզ հաշտեցնել «թիզ առ թիզ» հող տալու գաղափարի հետ»,- եզրափակել է փորձագետը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Հայաստանի իրավական ակտերի հրապարակման կայքում հայտնվել էր Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետերի կազմակերպման մասին որոշման նախագիծ։ Անցակետն առաջարկվում է տեղադրել հայ-ադրբեջանական սահմանի Սոթք, Երասխ և Քարահունջ գյուղերի մոտ գտնվող հատվածներում, որոնք ադրբեջանական կողմից պետք է համապատասխանեն Քելբաջարի, Սադարակի և Էյվազլիի անցակետերին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am