Ակնալճում բողոքի ակցիան դադարել է. համայնքի ղեկավարն ու բնակիչները կարողացել են պայմանավորվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոտ 1 ժամից ավելի է լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում. Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ ի նշան բողոքի՝ երկկողմանի փակել էին Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը։
Ակցիայի մասնակիցները բողոքում են էլցանցերից և ջրմուղից: Ասում են, որ պարբերական հոսանքազրկումների պատճառով նաև ջրի խնդիր է առաջանում, իսկ պատասխանատու մարմինները ոչինչ չեն անում խնդրին լուծում տալու համար: Նրանք պահանջել են, որ իրենց հետ հանդիպեն էկոնոմիկայի նախարարն ու մարզպետը:
Մեծամորի համայնքապետարանի մամուլի քարտուղար Գառնիկ Մկրտչյանը 1or.am-ի հետ զրույցում հայտնեց, որ բնակիչները դադարեցրել են բողոքի ակցիան.
«Համայնքի ղեկավարը հանդիպել է բնակիչներին, խնդիրը լուծում է ստացել: Բնակիչները բողոքում էին հոսանքի, հետևաբար՝ նաև ջրի բացակայությունից, քանի որ պոմպերը չէին աշխատում: Հանդիպման ընթացքում բողոքողներն ստացել են իրենց հարցերի պատասխանները»:
Մեր դիտարկմանը, թե, մի քանի ամիս առաջ էլ համայնքի Նալբանդյան գյուղում էր բողոքի ակցիա կազմակերպվել՝ կապված ջրագծերի հետ, կարելի՞ է ենթադրել, որ համայնքում ջրամատակարարման խնդիրն ընդհանուր է, Մկրտչյանն արձագանքեց.
«Նախ, մեր համայնքը բավականին քանակով բնակավայրեր ունի: 30 գյուղ կա մեր համայնքում, ամեն մեկն ունի իր առանձին խնդիրները՝ մեկինը ջրագիծն է, մյուսինը՝ ջրամատակարարումը, երրորդինը՝ էլեկտրամատակարարումը և այլն: Խնդիրները տարբեր են, ամեն խնդիր մաքսիմալ ստանում է իր լուծումը»:
Մարիամ Նալբանդյան