Սահմանապահ Բարեկամավանում այս տարի Վերջին զանգը մեկ հոգու համար է հնչել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզի սահմանապահ Բարեկամավան գյուղի Մայիս Ղարաքեշիշյանի անվան դպրոցում այս տարի միայն մեկ շրջանավարտ կա, այս տարվա վերջին զանգը հնչեց միայն Արևիկ Վիրաբյանի համար։
Դպրոցը, որտեղ սովորում է ընդամենը 13 աշակերտ, թշնամու ուղիղ նշանառության տակ է, բայց դա չի խանգարում աշակերտներին դաստիարակել ապագայի հանդեպ լավատեսությամբ, հայրենիքի նկատմամբ անսահման սիրով, 1or.am-ի հետ զրույցում նշում է դպրոցի տնօրեն Հասմիկ Սմոյանը.
«Գյուղը դպրոցով է գյուղ, եթե դպրոց չլինի, գյուղը կդատարկվի։
Մեզ մոտ սովորական Վերջին զանգերից մի քիչ տարբեր ենք նշում, քանի որ դպրոցում երեխաները քիչ են, միջոցառմանը մասնակցում են բոլորը, օգնում այդ տարվա շրջանավարտներին օրը գեղեցիկ անցկացնել։ Այս տարվա Վերջին զանգն էլ սովորականի նման ուրախ անցավ։
Նախորդ տարի կրկին մեկ շրջանավարտ ենք ունեցել, դրա նախորդին՝ երկու։ Վերջին տարիներին ամենաշատը երեք շրջանավարտ ենք ունենում։ Գյուղում երիտասարդություն չկա, երեխաներ չկան, բայց հույս ունենք՝ լավ կլինի։
Չգիտեմ՝ Արևիկն ինչ է որոշել անել դպրոցն ավարտելուց հետո, աղջիկ երեխա է, ի՞նչ իմանանք՝ կյանքը որտեղ կդասավորվի»։
Ինքը՝ Արևիկը նշում է, որ չի պատրաստվում հեռանալ գյուղից.
«Ուզում եմ հարևան գյուղում՝ Կոթիում վարսահարդարում սովորել, մնալ ու աշխատել Բարեկամավանում։
Դասարանի միակ աշակերտը լինելը և՛ թերություններ ունի, և՛ առավելություններ։ Իհարկե, վատ է, որ մենակ էի, երբեմն ձանձրալի, բայց մյուս կողմից՝ ուրիշ աշակերտներն անհատական պարապմունքների են գնում, իսկ դասարանում միակը լինելով՝ ես օգտվում էի այդ առավելությունից։
Վերջին զանգի արարողությունը շատ լավ անցավ, դպրոցի բոլոր աշակերտները միացել էին ինձ, և օրն իսկական տոն դարձավ ինձ համար»։
Հավելենք, որ սահմանապահ գյուղի դպրոցը եկող ուսումնական տարում երեք առաջին դասարանցի կունենա։ Տնօրեն Սմոյանի խոսքով՝ դա արդեն տոն է, քանի որ յուրաքանչյուր նոր աշակերտ էականորեն փոխում է թե՛ դպրոցի, թե՛ գյուղի կյանքը, հույս ներշնչում ապագայի հանդեպ։
Մարիամ Նալբանդյան