Սարդարապատից՝ հանուն Արցախի․ մայիսի 1-ին լինելու ենք Երևանում․ ընդդիմադիրները քայլերթով շարժվեցին Երևան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸնդդիմադիրների երրորդ խումբը քայլերթով Երևան է շարժվում Ապարանից՝ Դրոյի շիրիմի մոտից։ Նրանց շարքում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Մեր բոլոր քաղաքացիներին փորձում են համոզել, խաբել, թե իբրև այս ուժերը գան, կբերեն պատերազմ։ Ուզում եմ ասել՝ ոչ, մենք կկարողանանք ապահովել խաղաղություն Արցախում և Հայաստանի անվտանգությունը։ Թույլ չենք տա, որ դրսի թշնամիները և նրանց ներսի համախոհները Հայաստանը, Արցախը տանեն դեպի կործանում»,- ասաց նա։
Քայլերթի մեկնարկին մասնակիցները կատարեցին «Ելի՛ր, դաշնակ Դրո» երգը։
Այսօր ընդդիմադիրների մեկ այլ խումբ էլ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ մանուկյանի գլխավորությամբ քայլերթով դեպի Երևան է գալիս Սարդարապատից։
«Այստեղ՝ Սարդարապատում 104 տարվա ընթացքում տեղի ունեցավ կենաց մահու կռիվը, այսօր հերթը մերն է, Սարդարապատից՝ հանուն Արցախի, մեր քայլերթը շարունակվելու է Արմավիրով, մենք լինելու ենք Էջմիածինում, Մայր աթոռում, որի դեմ պայքարում էին այս իշխանությունները։ Այս խորհրդանշական վայրից հնչեցնում ենք անվտանգության զանգը։ Մայիսի 1-ին բոլորս լինելու ենք Երևանում և սկսելու ենք պայքարը»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։
Երթից առաջ քայլերթի մասնակիցները կատարեցին «Սարդարապատ» երգը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի մեկ այլ խումբ էլ ապրիլի 25-ից դեպի Երևան ուղղություն էր վերցրել Տավուշի մարզի Իջևան համայնքից, մեկ այլ խումբ էլ ապրիլի 26-ից՝ Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) բնակավայրից։