ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխզիջում չի լինի` սորոսա-իմքայլական իշխանությունը բացահայտ պատերազմ է սկսել Եկեղեցու դեմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համացանցում լայնորեն տարածվում է մի հոլովակ, որը նկարահանվել է Սորոսի հիմնադրամի ֆինանսավորմամբ: Հոլովակում վիզուալ շարժումներով հարձակումներ են կատարվում հոգեւորականի կերպարի վրա, իսկ հետեւում` տախտակի վրա գրված է` «Հայ եկեղեցու պատմություն»: Ընդ որում` սա տեղի է ունենում այն ֆոնին, որ օրեր առաջ հայտնի դարձավ, թե «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասաժամերը վերջնականապես որոշվել է կրճատել: Սրա հետ կապված` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախումբը հայտարարությամբ է հանդես եկել` անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի մի հարցազրույցին, որտեղ նա պնդել էր «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման վերաբերյալ նախարարության որդեգրած լուծումը, համաձայն որի` «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի համար 236 դասաժամի փոխարեն` նախատեսվում է տրամադրել ընդամենը 64 դասաժամ` այն էլ ներառված այլ առարկաների մեջ: Եկեղեցին եւս մեկ անգամ վերահաստատել է իր դիրքորոշումը, որ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան իր ողջ ծավալով պետք է ընդգրկված լինի պարտադիր ուսուցանվող առարկաների ցանկում: Հատկանշական է այն, որ ՄԻՊ տարեկան զեկույցում եւս տեղ է գտել այս հարցը: Մարդու իրավունքների պաշտպանը խիստ քննադատության է ենթարկել նախարարությանը, որ կրթական չափորոշիչների մշակման փուլում պատշաճ մասնակցություն չեն ապահովել` Հայ Առաքելական եկեղեցու համար: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ հետ:

– Տիկին Անդրեասյան, եկեղեցին ԿԳՄՍ նախարարության վերոնշյալ մոտեցումը բացարձակապես անընդունելի է համարում` թե՛ հոգեւոր եւ թե՛ ազգային շահերի տեսանկյունից: Պատրաստվո՞ւմ եք փոխզիջումային տարբերակ գտնել:

– Մեր կարծիքն ամբողջությամբ արտահայտված է, ընդ որում` նաեւ գրավոր: Մենք իրենց ուղղել էինք այն եւ քննարկումների ժամանակ էլ ենք նշել, որ սա մեխանիկական փոփոխություն չէ, այլ` բովանդակային: Այն ամենը, ինչ վերաբերում է եկեղեցու պատմությանը, արտացոլված է տարբեր առարկաների շրջանակներում` թե՛ Հայոց պատմության, թե՛ «Իմ հայրենիքը» առարկայի մասով: Ինչ վերաբերում է, օրինակ, եկեղեցական երաժշտությանը, արվեստին, այն արտացոլված է նաեւ արվեստի դասերի ընթացքում: Այսինքն` զուտ մեխանիկական մոտեցմամբ առաջնորդվելն այդ հարցում ճիշտ չէր, եւ մեր առաջարկն էր եղել, որ, ամեն դեպքում, եթե գտնում ենք` առանձնացված առարկայի անհրաժեշտությունը կա, քննարկել այն արդեն հասուն տարիքում, երբ մեր սովորողները կարող են այդ խնդիրների մասին դատել, վերլուծել, քննարկել եւ ընկալել: Այդ դեպքում ունենալ առանձնացված առարկա` կրոնի եւ Հայոց եկեղեցու պատմության մասով, որը թույլ կտար նաեւ ավելի ամբողջական ամփոփել իրենց անցածը եւ ներկայացնել: Ցավոք, որեւէ համարժեք արձագանք չստացանք, այլ ասացին, որ ամեն ինչ ուղղակի պետք է մնա ինչպես կա, ինչը մեզ համար ընունելի չէ:

– Այսինքն` որեւէ փոխզիջումային տարբերակ չե՞ք պատրաստվում գտնել եւ խնդիրը լուծել փոխըմբռման մթնոլորտում:

– Փոխզիջում մեր կողմից արդեն արվել է: Մենք պատրաստվում ենք այս ուղղությամբ քայլերը շարունակել: Այստեղ քայլը պետք է աներ եկեղեցին, կարծում եմ` ձեր հարցը փոխզիջման մասին պետք է ուղղել իրենց:

– Եկեղեցին ասում է, որ Ձեր մոտեցումը խորը հակասության մեջ է Սահմանադրության 18-րդ հոդվածի հիմնադրույթների հետ: Առավել անհանդուրժելի է, երբ այն մատուցվում է փոխզիջման անվան ներքո: Սերունդների ազգային կրթության եւ դաստիարակության հարցում փոխզիջումային գործելաոճը ուղղակի կործանարար է: Ավելին` հիշյալ բարեփոխումների շրջանակներում հարվածի տակ են դրվել հայագիտական առարկաները, կտրականորեն նվազել են սերունդներին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու հնարավորությունները...

– Այդ մտահոգությունն ամբողջությամբ մտացածին կարող է համարվել, որովհետեւ իրականում պետական չափորոշիչն արդեն հաստատվել է: Կարող եք դուք էլ ծանոթանալ փաստաթղթին` թե՛ առանցքային կարողունակությունների, թե՛ վերջնարդյունքների մասով, թե՛ հայագիտական առարկաների եւ թե՛ ընդհանրապես ազգային ինքնության պետական շահին վերաբերող բոլոր հարցերի առումով համարժեք ձեւակերպված են: Դրանք արտացոլված են նաեւ առարկայական չափորոշիչներում, ավելին ձեզ ասեմ` հայագիտական բլոկի չափորոշիչները եւս մեկ անգամ քննարկվեցին ակադեմիական շրջանակների հետ, եւ մենք, կարծես թե, այն լրացուցիչ դիտարկումներն էլ, որ ստացել էինք, գրեթե ամբողջությամբ ընդունել ենք: Այս իմաստով կարծում եմ` եկեղեցու մտահոգությունները որեւէ հիմք իրենցում չեն պարունակում:

– Համաձայնեք, որ Եկեղեցին եւս մասնագիտական վերլուծության է ենթարկել խնդիրը եւ երբ բարձրաձայնում է դրա կործանարար վտանգների մասին, դրանք չեն կարող լինել ինչ-որ անձնական ամբիցիաներ:

– Կարծում եք` մե՞նք ունենք ամբիցիաներ այս մասով:

– Համենայնդեպս, ես ավելի մեղմ ձեւակերպեցի հարցս...

– Ես զերծ կմնամ որեւէ կերպ մեկնաբանել եկեղեցու դիրքորոշման հիմքերը: Միայն կարող եմ ասել, որ այդ հիմքերը փաստաթղթում չեն, որովհետեւ փաստաթղթի մասով նման մտահոգությունների հիմքերն ուղղակի բացակայում են: Հետեւաբար, մնացած մեկնաբանություններն իրենք պետք է անեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 
 
 
 
 
 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular