Ակադեմիկոսը պատմել է կորոնավիրուսի խրոնիկ ձևի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆmir24.tv-ն գրում է, որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանի հիվանդանոցային թերապիայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Չուչալինը այն կարծիքն է հայտնել, որ կորոնավիրուսային հիվանդությունը կարող է քրոնիկ դառնալ: Ըստ նրա` այդ մասին են վկայում «հետկովիդային շրջանին» նվիրված ուսումնասիրությունները: Գիտնականը նշել է, որ որոշ մարդիկ երկու-երեք անգամ են վարակվում կորոնավիրուսով: Նա նաև խոսել է հետկովիդային այնպիսի ախտանիշների մասին, ինչպիսիք են քրոնիկ հոգնածության սինդրոմը և արյան մեջ թթվածնի ցածր մակարդակը:
«COVID-19-ի քրոնիկ ընթացքը: Կան չէ՞ հիվանդներ, ովքեր արդեն երկու անգամ, երեք անգամ են տարել այդ հիվանդությունը: Եվ հաստատապես պետք է ասել, որ, ցավոք, այո, կան այդպիսի հիվանդներ: Դա նոր հիվանդությո՞ւն է, թե՞ շարունակվող հիվանդություն: Ես կցանկանայի հատուկ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ այդ հիվանդները գտնվել են հետկովիդային շրջանում, եղել են քրոնիկ հիպոքսեմիա ունեցող հիվանդներ», - ասել է ակադեմիկոսը Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի «Կյանքի մասին գիտություններ» գիտական խորհրդի «Վերականգնում COVID-19-ից հետո. Քրոնիկ հոգնածությունից պնևմոֆիբրոզ» թեմայով առցանց խորհրդակցության ժամանակ:
Գիտնականը անվանել է նաև «հետկովիդային շրջանի» այլ ախտանիշներ՝ տարբեր օրգանների էնդոթելիտ (արյան անոթների լորձաթաղանթի բորբոքում), կոագուլոպաթիայի համախտանիշ (արյան մակարդման խանգարում): Ակադեմիկոսը կոչ է արել օգնել այն մարդկանց, ովքեր ունեցել են կորոնավիրուս: Ըստ Չուչալինի՝ անհրաժեշտ է ստեղծել հատուկ հետկովիդային ամբուլատորիաներ այդպիսի մարդկանց վերականգնման համար` ռևմատիզմով տառապողների ամբուլատորիաների նմանությամբ: Իսկ ահա Գամալեայի անվան կենտրոնի գլխավոր տնօրեն, ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել է, որ ինքը տեղյակ չէ COVID-19-ի քրոնիկական ընթացքի մասին: Նա նշել է, որ անհրաժեշտ է ավելի մանրակրկիտ ուսումնասիրել այդ վարակով տառապող մարդկանց կրկնավարակման մեխանիզմը:
«Ես նման դեպքերի մասին ոչինչ չգիտեմ, չնայած Ալեքսանդր Գրիգորևիչը (Չուչալինը) լուրջ մարդ է, և նա, հավանաբար, նման դեպքեր տեսել է կլինիկայում: Այստեղ ամենակարևորը հասկանալն է, թե դա նույն շտամն է, թե՞ առկա են վարակի տարբեր դեպքեր: Եթե առաջինն ապացուցված է, ապա մենք պետք է հասկանանք հարուցիչի քրոնիկական պահպանման մեխանիզմի հնարավորությունները», - ասել է Գյունցբուրգը համոզմունք հայտնելով, որ պատվաստումը կպաշտպանի հիվանդության քրոնիկական ընթացքից:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը