ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչքան վատ են կնոջ գործերը, այնքան լավ տեսք նա պետք է ունենա. Կոկո Շանել (աֆորիզմներ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր Կոկո Շանելի ծննդյան օրն է.

«Նորաձևությունն այն է, ինչ կրում ես: Այն, ինչ կրում են մյուսները, նորաձև չէ»: Օսկար Ուայլդի հայտնի աֆորիզմը 20-րդ դարում հերքեց Կոկո Շանելը` հայտարարելով, որ նորաձևությունը «փոքրիկ սև զգեստն է»:

Նրա հեղինակութունն այնքան մեծ էր, որ տարբեր խավի և եկամտի տեր կանայք առանց վարանելու հագան «սգո» զգեստը և բոլորով միասին գրավիչ դարձան: Այս վճռորոշ քայլը Կոկոյին համաշխարհային ճանաչում բերեց, իսկ նրա նորարությունը դարձավ էլեգանտության, շքեղության և բարձր ճաշակի խորհրդանիշ:

«Շանելի ոճ» հասկացությունը նորաձևության տերմինաբանության մեջ զբաղեցրեց իր հստակ դիրքը: Ինքը` Շանելն ասում էր. «Առաջին հերթին ոճն է: Նորաձևությունն այլևս նորաձև չէ: Ոճը` երբեք չի կարող նորաձև չլինել»: Սակայն եթե իր կարած մոդելները տարբերվում էին իրենց պարզությամբ («Պետք է անխնա վերացնել այն,ինչ չափազանց է»), ապա իր սեփական կենսագրությունը Մեծն մադեմուազելը, ինչպես անվանում էին նրան ֆրանսիացիները, անճանաչելիորեն ձևափոխում և զարդարում էր: Գաբրիելը ծնվել է 1883 թվականին Ֆրանսիայի փոքրիկ Սոմյուր քաղաքում: Մայրը մահացավ, երբ աղջիկը դեռ վեց տարեկան էր: Հայրը լքեց երեխաներին (Գաբրիելին և նրա չորս եղբայրներին), և նրանք հայտնվեցին մանկատանը:

18 տարեկանում Գաբրիելը աշխատանքի է ընդունվում հագուստի խանութում, ազատ ժամանակ երգում էր կաբարեում: Նրա սիրելի երգերն էին «Ko Ko Ri Ko» և «Qui qua vu Coco», այստեղից էլ Կոկո մականունը: Իր ելույթներից մեկի ժամանակ նա ծանոթանում է սպա Էտյեն Բալզանի հետ և շուտով տեղափոխվում Փարիզի նրա տուն: Կարճ համատեղ կյանքից հետո նրանք բաժանվում են: Քիչ ժամանակ անց Գաբրիելը ծանոթանում է արդյունաբերող Արթուր Կապելի հետ:

Շնորհիվ բավականին հարուստ երկրպագուների` 1910-ին Փարիզում Կոկոն բացում է իր առաջին խանութը: Շանելն ինքը կարում և վաճառում էր կանացի գլխարկներ, և մի տարվա ընթացքում Նորաձևության տունը տեղափոխվում է Կամբոն փողոց, որտեղ էլ մինչ այսօր գտնվում է:

Արդեն 1919-ին Կոկոյի հաճախորդները ողջ աշխարհից էին: Նրա կարած հագուստը հեղաշրջում էր կատարում և ազդում էր հասարակության ոճի վրա ընդհանրապես: Նա փոխեց կանանց վերաբերմունքը իրենց զգեստապահարանի հանդեպ: Շանելի կենսագիրներից մեկը գրել է. «Նա ստեղծեց կնոջ, որի մասին աշխարհը մինչ այդ չգիտեր: Նա կնոջը նոր արարած դարձրեց, ամենակարող` չնայած կանացի լեգենդար թուլությունների»:

Շատերը կրում էին նրա ֆլանելե վառ գույնի սպորտային հագուստը, ազատ շրջազգեստները, ջերսի կտորից երկար սվիտերները և հայտնի կոստյումը (կիսաշրջազգեստ + ժակետ): Շանելի հագուստը թեթև էր ու բնական: Գաբրիելը երբեք չէր նկարում իր հագուստի մոդելները. նա միանգամից դրանք դնում էր մանեկենների կամ հաճախորդների վրա, որպեսզի տեսնի, թե ինչ տեսք ունի հագուստը շարժման մեջ: Ինքը` Կոկոն կարճ կտրեց մազերը (մինչ այդ կանայք չէին կտրում իրենց մազերը), կրում էր արևային ակնոց և փոքրիկ գլխարկներ:

1921-ին հայտնվեց հռչակավոր «Chanel № 5» օծանելիքը` առաջին սինթեզված պարֆյումը, որ չուներ որոշակի ծաղկի բույր: «Կանացի օծանելիք, որ կնոջ բույր ունի»: 90 տարի անց օծանելիքը դեռ հայտնի ու սիրված է: 1926-ին Շանելն առաջին անգամ ներկայացնում է իր «փոքրիկ սև զգեստը»` հասարակ կիսակլոր կտրվածքով և երկար նեղ թևքերով, մինչև ծնկների կեսը հասնող երկարության (Կոկոն միշտ համարում էր, որ ծնկները կանացի մարմնի ամենատգեղ մասն են), առանց կոճակների, կապիչների, ծալքերի` հանճարեղ իր լակոնիկությամբ: 1926 թվականին ամերիկյան Vogue ամսագիրը «փոքրիկ սև զգեստը» իր հայտնությամբ հավասարեցրեց Ford ավտոմեքենային:

1939-ին Համաշխարհային պատերազմի պատճառով Շանելը փակեց իր բոլոր բուտիկներն ու Նորաձևության տունը: Այն ժամանակ, երբ դիզայներների մեծ մասը լքեց երկիրը, Կոկոն մնաց Փարիզում: Պատերազմի ավարտից հետո նա տեղափոխվեց Շվեյցարիա:

1954-ին 71-ամյա Շանելը վերադարձավ նորաձևության աշխարհ: Կոկոն կատարելագործում էր իր դասական մոդելները, և արդյունքում ամենահարուստ և հայտնի կանայք դարձան նրա մշտական հաճախորդները: Շանելի կոստյումը դարձավ մի ամբողջ սերնդի խորհրդանիշ: Կոկոն նաև կրկին ներկայացրեց կանացի պայուսակներ, ոսկերչական գործեր և կոշիկներ, որոնք անհավանական հաջողություն ունեցան:

1950-60-ականներին Շանելը համագործակցում էր հոլիվուդյան բազմաթիվ ստուդիաների հետ. նրա մոտ էին հագնվում այնպիսի աստղեր, ինչպիսիք են Օդրի Հեփբերնը և Լիզ Թեյլորը: 1969-ին լեգենդար դերասանուհի Կետրին Հեփբերնը կատարեց Շանելի դերը «Կոկո» մյուզիքլում:

Գաբրիելի անձնական կյանքն այդպես էլ չդասավորվեց. նա ունեցավ բազմաթիվ սիրավեպեր, սակայն այդպես էլ չամուսանացավ և մայր չդարձավ:

1971 թվականի հունվարի 10-ին 88 տարեկան հասակում Մեծն Կոկո Շանելը հեռացավ կյանքից: Նրա աճյունը գտնվում է Շվեյցարիայում: 1982-ին Chanel նորաձևության տան ղեկավարը դարձավ Կառլ Լագերֆելդը:

Նա առավելագույնս կարճեցրեց հայտնի կիսաշրջազգեստների երկարությունը, ինչը հաստատ Շանելի սրտով չէր լինի, այնուամենայնիվ Կառլը առաջնորդվում է չափազանց կարևոր սկզբունքով` հագուստը պետք է հարմար լինի:

«Ես համադրում եմ շքեղությունն ու հարմարավետությունը: Դա հենց այն է, ինչ անում էր Շանելը: Կարծում եմ` նա գոհ կլիներ»,- ասում է Կառլ Լագերֆելդը:

Միայն Chanel բառը նրբագեղության, շքեղության և անկրկնելիության խորհրդանիշ է: Բացի այդ Chanel-ը համաշխարհային ճանաչում ունեցող բրենդ է:

«L'Expansion» ամսագրի հարցման արդյունքում` Chanel-ը ֆրանսիացիների ամենասիրած ապրանքանիշն է: Ինչպե՞ս է Կոկո Շանելին հաջողվել հասնել այդպիսի բարձունքների. նորաձևության հեղափոխություն կատարել, դառնալ լեգենդար անձնավորություն դեռ կենդանության օրոք, ընդգրկվել Time ամսագրի` 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում, իսկ իր ընկերությունը վերածել նորաձևության իսկական կայսրության: Գաղտնիքը տաղանդի, համառ աշխատանքի և անսխալ ինտուիցիայի մեջ է:

Ստորև ներկայացնում ենք Կոկո Շանելի հայտնի դարձած աֆորիզմները.

Ինչքան վատ են կնոջ գործերը, այնքան լավ տեսք  նա պետք է ունենա. Կոկո Շանել (աֆորիզմներ)

Օծանելիք չօգտագործող կինն ապագա չունի:

Ժամանակ մի վատնիր հարվածելով պատին և հույս ունենալով, որ այն դուռ կդառնա:

Եթե դու գիտես, որ տղամարդիկ երեխաների պես են, դու գիտես ամեն ինչ:

Կան մարդիկ, ովքեր փող ունեն և կան հարուստ մարդիկ:

Կինն ունի այն տարիքը, որին արժանի է:

Ես չգիտեմ, թե ինչու են կանայք ցանկանում այն, ինչ ունեն տղամարդիկ, երբ կինն ունի հենց նրան` տղամարդուն:

Խնամքը պետք է սկսել սրտից և հոգուց,այլապես ոչ մի կոսմետիկ միջոց չի օգնի:

Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը պաշտպանում է ծերանալուց:

Ինչքան վատ են կնոջ գործերը՝ այնքան նա լավ տեսք պետք է ունենա:

Զսպիր քեզ, երբ վիրավորված ես, ու տեսարան մի սարքիր, երբ ցավեցրել են. ահա իդեալական կնոջ գաղտնիքը:

Անփոխարինելի լինելու համար պետք է մշտապես լինել տարբեր:

Դու մի անգամ ես ապրում, պետք է լինել զվարճալի:

Աշխարհի լավագույն գույնն այն է, որը քեզ սազում է:

Տղամարդիկ մշտապես հիշում են այն կանանց, ովքեր անհարմարավետություն և բարդություններ են բերել:

Միայն հիշողություն չունեցողներն են շարունակ խոսում իրենց ծագումնաբանության մասին:Ես չգիտեմ, թե ինչու են կանայք ցանկանում այն, ինչ ունեն տղամարդիկ, երբ կինն ունի հենց նրան` տղամարդուն:

Խնամքը պետք է սկսել սրտից և հոգուց,այլապես ոչ մի կոսմետիկ միջոց չի օգնի:

Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը պաշտպանում է ծերանալուց:

Ինչքան վատ են կնոջ գործերը՝ այնքան նա լավ տեսք պետք է ունենա:

Զսպիր քեզ, երբ վիրավորված ես, ու տեսարան մի սարքիր, երբ ցավեցրել են. ահա իդեալական կնոջ գաղտնիքը:

Անփոխարինելի լինելու համար պետք է մշտապես լինել տարբեր:

Դու մի անգամ ես ապրում, պետք է լինել զվարճալի:

Աշխարհի լավագույն գույնն այն է, որը քեզ սազում է:

Տղամարդիկ մշտապես հիշում են այն կանանց, ովքեր անհարմարավետություն և բարդություններ են բերել:

Միայն հիշողություն չունեցողներն են շարունակ խոսում իրենց ծագումնաբանության մասին:

Քանի որ ամեն ինչ մեր ձեռքում է, մենք լավ կանենք չկորցնենք ոչինչ:

Մազերը կտրող կինը պատրաստվում է փոխել իր կյանքը:

Երբեք չեմ ցանկանա թռչունից ավելի ծանր լինել տղամարդու համար:

Աղջիկը պետք է լինի դասական և առասպելական:

Եթե դու առանց թևերի ես ծնվել, մի խոչընդոտիր դրանց աճին:

Հագնվիր այնպես, կարծես այսօր պատրաստվում ես հանդիպել քո ամենամեծ թշնամուն:

Մինչև տնից դուրս գալը նայիր հայելու մեջ և ուղղիր մեկ աքսեսուար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular