Ֆրանսիական արդարադատությունը 2 մլն եվրոյի չափով պահումներ է կատարել Մարի Լը Պենի պետական սուբսիդիաներից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզի դատարանի դատական քննիչները որոշում են կայացրել 2 մլն եվրոյի չափով պահումներ կատարել պետական սուբսիդիաների այն ֆոնդից, որոնք «Ազգային միություն» (նախկինում`«Ազգային ճակատ») կուսակցությունը պետք է ստանար Ֆրանսիայի քաղաքական կազմակերպությունների ֆինանսավորման մասին օրենքի համաձայն:
Ինչպես կիրակի օրը հայտնել է France Presse (AFP) գործակալությունը, քննիչների նման քայլը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավելի վաղ ԵՄ դատարանը կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին մեղավոր էր ճանաչել Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) միջոցների՝ իր օգնականներին ֆիկտիվ կերպով աշխատանքի ընդունման նպատակով վատնման համար եւ պարտավորեցրել էր նրան 320 հազար եվրո վերադարձնել Եվրոպական խորհրդարանին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: «Ազգային միություն» կուսակցության տարեկան պետական սուբսիդավորումը կազմում է 2.5 մլն եվրո:
Մարին Լը Պենը կիրակի օրն անմիջապես արձագանքել է Ֆրանսիայի արդարադատության գործողություններին՝ հայտարարելով, որ «Ֆրանսիայի ամենակարեւոր ընդդիմադիր կուսակցությունը սպանելու այսպիսի ցանկությունը ժողովրդավարության աննախադեպ ոտնահարում է», փոխանցում է BFM-TV-ն: AFP-ին տված հարցազրույցում նա շեշտել է, որ «Ազգային միություն»-ն «այլեւս չի կարողանա զբաղվել որեւէ քաղաքական գործունեությամբ» եւ «կդադարի գոյություն ունենալ արդեն օգոստոսի վերջին»: Կուսակցության եւ նրա ներկայացուցիչների նկատմամաբ հետաքննությունը Լը Պենը «դատական կեղծ գործ է» համարում: