Վարչապետը հանդիպում է բողոքի ցույցի մասնակից 5 ուսանողի հետ (թարմացվում է)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարության շենքի դիմաց շարունակվում է վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանի և ուսանողների քննարկումը` վարչապետի հետ հանդիպումը լրատվամիջոցների ներկայությամբ իրականացնելու հարցով:
«Մենք Ձեր օգնությունն ենք խնդրում որպես գիտությունների թեկնածու, ով օգտվել է ակադեմիական տարկետում ունենալու իրավունքից, Ձեր անձնական ներդրումն ունենալ հանդիպումը կայանալու հարցում»,- ասաց ուսանողներից մեկը:
Ի պատասխան ասվածին, Արամ Վարդևանյանը նշեց, որ իր անձնական ներդրումը չնչին է հաշվի առնելով, որ հանդիպումը ոչ թե իր հետ այլ վարչապետի: «Եթե լիներ այնպիսի իրավիճակ, որ յուրաքանչյուր քննարկում, բանավեճ պետք է ուղիղ եթերով կամ լրատվամիջոցների ներկայությամբ լիներ, ապա հավատացեք հազարավոր բանակցություններ ի վերջո արդյունք չէր ունենա, քանի որ հանդիպումները փակ դռների ետևում են լինելու և չէին լինի մամուլի հաղորդագրությունները»,- ասաց նա:
Կառավարությունից առաջարկեցին, որ կառավարության տեսախցիկով կարող են նկարել և հետո տեսանյութը կտրամադրեն: Ուսանողները հարց բարձրացրեցին, թե որքան ժամանակ հետո կտրամադրվի տեսանյութը, ինչ տեսքով։
Վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը ուսանողներին հայտնեց, որ կախված հանդիպման ժամանակահատվածից տեսանյութը կտրամադրվի: Այսինքն, եթե կես ժամ տևի հանդիպումը, մեկ ժամ անց տեսանյութը պատրաստ կլինի, իսկ եթե մեկ ժամ հետո, ապա երկու ժամ հետ կտրամադրվի, այն կլինի կառավարության կայքում և հասանելի բոլորին: Այսպիսով՝ ուսանողները համաձայնեցին և հինգ հոգի գնացին վարչապետի հետ հանդիպման:
15.13
Կառավարության շենքի դիմաց գտնվող ուսանողներին մոտեցավ վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը և նշեց, որ վարչապետը պատրաստ է ընդունել ուսանողներից հինգ հոգու, սակայն առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների, քանի որ խոսքը աշխատանքային քննարկման մասին է, որտեղ ներկայացվելու է մտահոգությունները:
Ուսանողները 15 րոպե ժամանակ խնդրեցին քննարկելու համար: Քննարկումից հետո նախ նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը նշեց, որ քննարկումից հետո որոշում կայացրեցին, որ այդ ձևաչափով չեն կարող հանդիպել:
«Այդ ձևաչափով չենք կարող հանդիպել, քանի որ Պաշտպանության նախարարությունից նման առաջարկ եղել է և մենք հրաժարվել ենք, հիմնավորվել ենք, որը կապված է եղել ԶԼՄ-ների հետ: Այդ սկզբունքը բոլորի վրա է տարածվում և մենք դրանից չենք հրաժարվի»,-ասաց նա և առաջարկեց գոնե մեկ լրատվամիջոց ապահովի ուղիղ եթեր:
Ի պատասխան առաջարկի` Արամ Վարդևանյանը նշեց, որ նման ձևաչափով չի կարող հանդիպում լինել:
14.14
Այս պահին դասադուլի ակցիա իրականացնող ուսանողները գտնվում են Կառավարության շենքի դիմաց:
Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը բարձրախոսով դիմեց վարչապետ Կարեն Կարապետյանին.«Եկել ենք այստեղ հայտնելու մեր մտահոգությունը տարկետման իրավունքի սահմանափակման հետ կապված: Ցավոք ձեզնից մենք դեռ կարծիք չենք լսել, կցանկանանք լսել ձեր կարծիքը օրինագծի մասին և կմնանք այնքան ժամանակ մինչև կստանանք որևէ պատասխան»,-ասաց Դավիթ Պետրոսյանը:
13։40
Ուսանողները շարունակում են դասադուլի ակցիան ընդդեմ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի: Նրանք քայլերթով շարժվում են Աբովյան փողոցով՝ վանկարկելով ազատ, անկախ ուսանող և տարկետում լինելու է:

11:34
Դասադուլի ակցիայի մասնակիցները բանակցեցին ԵՊՀ անվտանգության աշխատակցի հետ՝ փորձելով ներս մտնել երեք լրատվամիջոցների ուղեկցությամբ: Ներս մտնելու նպատակն էր տեսնել՝ ներսում ուսանողներ կա՞ն, թե ոչ:
Ներս մտնելու թույլտվությունը ստանալուց հետո նախաձեռնության անդամներից մի քանիսը լրատվամիջոցների ուղեկցությամբ շրջեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում և արձանագրեցին, որ մի քանի լսարաններ դատարկ են:
Մի լսարանում էլ երկու ուսանող կար, որոնք նշեցին՝ դուրս չեն եկել և ակցիային չեն միացել ինքնակամ, քանի որ դեմ չեն այս օրենքի նախագծին:
Ստացվող պարզաբանումը, թե դասամիջոց է դրա համար դատարկ են լսարանները, նախաձեռնության անդամները հիմնավոր չորակեցին. «Մենք մտանք այն պահին, որ զանգն էր տալիս, լսարաններից պետք է մարդ դուրս գար, բայց չեկան» :
Ուսանողները որոշեցին շրջել նաև բուհի այլ ֆակուլտետներով:
ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյան խոսքով՝ դասապրոցեսը հարյուր տոկոսով չի ընթանում, քանի որ դասադուլը խոչընդոտել է պրոցեսը. «Կենսաքիմիայի բաժնում 50 տոկոս ներկայություն կար, ասել, որ ընդհանրապես դասեր չեն ընթանում ճիշտ չէ, իհարկե դասադուլն ազդել է պրոցեսին»:
Դեկանի խոսքով՝ ինքը կողմ չէ տարկետման իրավունքի սահմանափակմանը, բայց նաև կողմ չէ ուսանողների պայքարի ձևին՝ դասադուլին:
Ուսանողներն արձանագրեցին, որ Կենսաբանության ֆակուլտետում 550 ուսանողներից դասապրոցեսից բացակայում է 400-ը:


10.57
Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամներից մեկը, դիմելով դասադուլի ակցիային միացած ուսանողներն, նշեց, որ ԿԳ նախարարը երեկ իրենց հետ հանդիպման ժամանակ զարմանք է հայտնել, որ բուհի դռները փակում են:
Այսօր արդեն, ուսանողների խոսքով, դռները բաց են, բայց իրենց միանալ թույլ չեն տալիս մյուս ուսանողներին.
«Այսօր բաց են դռները, բայց վերևից հրաման է տրվել, որ ուսանողները դուրս չգան, եթե դուրս գան՝ ճնշումների կենթարկվեն»,- ասաց նախաձեռնության անդամն ու կոչ արեց միանալ պայքարին բոլոր ուսանողներին:
Ուսանողները երթով շարժվեցին դեպի ԵՊՀ այլ մասնաշենքեր:
10.50
ԵՊՀ գլխավոր մասնաշենքի տարածքում շարունակվում է ուսանողների դասադուլը: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ պայքարում իրենց խնդիրը կրթական, գիտական համակարգին հասցված վնասն է, ոչ թե ծառայել կամ չծառայելու հարցը: Ըստ նրա` այս օրինագծով ամենևին չի լուծվում սոցիալական արդարության սկզբունքը:
Նա նաև մեկնաբանել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահի հայտարարությունը, ըստ որի` 400 հոգին իրավունք չունի հանդես գալ 17000 հոգու փոխարեն. «Ոչ մեկ իրավունք չունի մեր բողոքի ձայնը սահմանափակելու: Մենք չենք ասում, որ հանդես ենք գալիս բոլոր ուսանողների անունից, այլ նրանց, ովքեր այս օրենքին դեմ են: Իրենց մեկնաբանությունն ուղղակի մանիպուլյատիվ մի բան է»:
Դավիթ Պետրոսյանի խոսքով` Ուսխորհրդի հայտարարությունը, թե իրենք այս հարցում չեզոք դիրքորոշում ունեն, ճիշտ չէ, քանի որ չեզոքությունը հաճախ ավելի վտանգավոր է քան ինչ-որ տեսակետ պաշտպանելը:

10.30
Ուսանողների դասադուլի ակցիան համակարգող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, բարձրախոսով դիմելով հավաքված ուսանողներին, նշեց, որ իրենք պաշտպանելու են բոլոր այն դասախոսներին, ամբիոնի վարիչներին ու ֆակուլտետի դեկաններին, ովքեր կողմ են արտահայտվել իրենց նախաձեռնությանն ու սատարում են ուսանողների պահանջը:
Նա նաև ավելացրեց. «Մենք՝ որպես ուսանող, կանգնած ենք լինելու նրանց կողքին, և նրանց հանդեպ յուրաքանչյուր ոտնձգություն դիտարկելու ենք որպես մեր նախաձեռնության հանդեպ ոտնձգություն»:
Այնուհետև նրանք դիմեցին ԵՊՀ անվտանգության աշխատակիցներին՝ պարզաբանում ստանալու, թե ինչու են փակել բուհի դռները և թույլ չեն տալիս ուսանողների դուրս գալ, միանալ իրենց ակցիային։ Սակայն, պատասխան չստանալով, ուսանողները շարունակեցին դասադուլի ակցիան՝ այս անգամ վանկարկելով «ազա՛տ, անկա՛խ ուսանող»:
Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը դիմեց հավաքված լրագրողներին ներս մտնել և փորձել պարզաբանում ստանալ բուհի դասախոսներից ու ղեկավար կազմից: 
10.15
Դասադուլի ակցիան շարունակվում է Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ: Ուսանողների պահանջն անփոփոխ է՝ վերանայել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսված տարկետման իրավունքի սահմանափակումը վերանայել:
Ուսանողները նշել են, որ պայքարը կշարունակեն այնքան ժամանակ մինչ տարկետում լինի: Նրանց չի գոհացրել կրթության և գիտության նախարարի հետ հանդիպման արդյունքը, նախարարը հորդորել էր վերջիններիս դադարեցնել դասադուլը:
Նախնական տվյալներով` ուսանողները որոշել են այսօր երթով շարժվել դեպի կառավարություն, քանի որ այսօր կառավարության հերթական նիստն է լինելու:
Ի դեպ, չնայած ուսանողներն այսօրվա համար իրենց խոսքով՝ «մեգադասադուլ» էին նախատեսել, բայց հավաքված ուսանողների թիվն այնքան էլ մեծ չէ: 

10.10
Չնայած հորդառատ անձրևին, այսօր ևս՝ արդեն 3-րդ օրը, շարունակվում է տարկետման սահմանափակման դեմ ուսանողների բողոքի ակցիան Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հայտարարել է դասադուլը շարունակելու մասին՝արձանագրելով, որ նախընթաց օրերին ծավալված գործունեությունը տվել է կարևոր արդյունք՝ հարցի շուրջ սկսվել են լայն քննարկումներ հասարակական-քաղաքական շրջանակներում։
Հիշեցնենք, որ ուսանողները երեկ ԵՊՀ-ից բողոքի ակցիայով շարժվել էին Կրթության և գիտության նախարարություն, որտեղ հանդիպել էին նախարար Լևոն Մկրտչյանի հետ և քննարկել իրենց հուզող հարցերը։ Նախարարը լսել էր ուսանողների բողոքները և հանդիպման վերջում ասել էր, որ դասադուլի մեջ իմաստ չի տեսնում, ինչին ի պատասխան ուսանողներն ասել էին, որ դասադուլը շարունակելու են և նախարարին խնդրել էին նույնպես միանալ իրենց, որպեսզի միասին կասեցնեն զինվորական ծառայության և զինապարտության մասին օրինագծի երկրորդ ընթերցումը: Լևոն Մկրտչյանը պատասխանել էր, որ չի կարող միանալ ուսանողներին։