Սունկից թունավորված հայրն ու դուստրը մահից են պրծել. նրանց վիճակն այժմ էլ կայուն ծանր է. բժիշկ (Ֆոտո)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը ծանր վիճակում Վանաձորի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված վանաձորցի 36-ամյա Նառա Ավետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ սունկը նախորդ օրը Վանաձորի Հուշարձան թաղամասի հարակից անտառից հավաքել են մայրն ու եղբոր կինը:
«Մայրս չի ճանաչում, բայց հարսս ճանաչում է թունավոր ու ուտելի սունկը, ամեն տարի այդ տարածքից հավաքում ուտում ենք, ոչ մի անգամ չենք թունավորվել: Այս անգամ էլ երբ բերեցին, եփեցինք, կարտոֆիլը գցեցինք մեջը, չսեւացավ: Մտածեցինք՝ թունավոր չի: Ուտելուց քիչ հետո սկսեցի ինձ վատ զգալ, թույլ էի, գլուխս պտտվում էր, սրտխառնոց ունեի: Հանքային ջուր խմեցի, մածուն կերա, բայց վիճակս գնալով ավելի վատացավ: Հիվանդանոցում իմացա, որ գիտակցությունս կորցրել եմ ու ինձ անգիտակից վիճկում տեղափոխել են հիվանդանոց,- ասաց Նառա Ավետյանը:
Նառայի հոր՝ ավտոլվացման կետում հերթապահող վանաձորցի 54-ամյա Գառնիկին պատրաստած սունկը տարել են տան անդամները: «Գիշերը ժամը 11.30 էր, սունկը կերա, ասի պառկեմ մի քիչ քնեմ: Սենյակիս դուռը փակ էր: Թե երբ է ուշքս գնացել, ով է եկել ինձ տարել, իմացել եմ առավոտյան, երբ աչքերս բացեցի, տեսա հիվանդանոցում եմ»,- նշեց նա:
Վանաձորի ԲԿ-ի ընդունարանի բժշկուհի Նարինե Ավետիսյանն ասում է, որ երկուսի վիճակն էլ հիվանդանոց ընդունման պահին եղել է ծայրահեղ ծանր: «Հիվանդանոց տեղափոխումն ուշացնելու դեպքում հետեւանքները կարող էին անդառնալի լինել»,- ասաց նա:
Այս պահին հիվանդների վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը հարազատների կողմից անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձորի բնակչուհի, 36-ամյա Նառա Ա.-ն: Տեղում պարզվել է, որ վերջինս սունկ է կերել եւ դրանից թունավորվել է:
Կնոջը տեղափոխողները պատմել են, որ նրա հետ սունկ է կերել նաեւ հայրը՝ 54-ամյա Գառնիկ Ա.-ն, որն ուտելուց անմիջապես հետո գնացել է աշխատանքի: Գառնիկն աշխատում է որպես պահակ քաղաքի կազմակերպություններից մեկում:
Բժշկական կենտրոնի ընդունարանի բուժքույրն անհանգստացել ու փորձել է հեռախոսազանգով ճշտել նաեւ Գառնիկի վիճակը: Վերջինս, սակայն, հետախոսազանգերին չի պատասխանել: Անհանգստացած հարազատները բժշկական կենտրոնի բժիշկների հորդորով անմիջապես մեկնել են նրա աշխատանքի վայր ու Գառնիկին գտել անգիտակից վիճակում ընկած: Նրան անմիջապես տեղափոխել են բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:


