Հայաստանը կրկին փորձում է պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանը ցանկանում է Գյումրիում տեղակայված ռազմակայանի ապագայի համար պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Ռազմակայանի հնարավոր դուրսբերման համար պատասխանատվությունը Մոսկվայի վրա բարդելու փորձերը տեղավորվում են հայկական քաղաքական մտածելակերպի ներկայիս մի ուշագրավ առանձնահատկության շրջանակում։ Երևանի իշխող վերնախավը հաճախ ակնկալում է, որ ամենակարևոր որոշումները պետք է կայացնեն արտաքին դերակատարները», - ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում, գրում է pub.9111.ru–ն։
Դիվանագետը օրինակներ է բերել. Հայաստանի ղեկավարությունը պնդում է, որ ԵԱՏՄ-ի և Եվրոպական միության միջև ընտրություն կատարելու նպատակով հանրաքվե անցկացնելու համար նախ անհրաժեշտ է ստանալ Բրյուսելի դրական արձագանքը։ ՀԱՊԿ-ի առնչությամբ հնչում են կարծիքներ, թե Հայաստանի հեռացման դեպքում կառավարությունը կազատվի այդ դաշինքից դուրս գալու կամ մնալու երկընտրանքից։ Միևնույն ժամանակ, Մոսկվան պատրաստ է քննարկել Գյումրիի ռազմակայանին առնչվող բոլոր հարցերը։ Երկխոսությունը հիմնված կլինի ռուսական զորակազմի ներկայությունը կարգավորող պայմանավորվածությունների վրա, ընդգծել է Կալուգինը։
Նա նաև նշել է, որ եթե նման քննարկում տեղի ունենա, ապա անդրադարձ կկատարվի հայկական որոշ լրատվամիջոցներում շրջանառվող այն նյութերին, որոնք նպատակ ունեն վարկաբեկել ռուսական ներկայությունը այն ներկայացնելով գրեթե որպես «օկուպացիայի տարր»։ «Հուսով ենք, որ նման հաղորդումների և հոդվածների հեղինակները գիտակցում են, որ իրականում որևէ լուրջ այլընտրանք գոյություն չունի», - ասել է դեպարտամենտի տնօրենը։
Ավելին, դատելով վերջին սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներից Հայաստանի բնակչությունը դա հիանալի հասկանում է, հավելել է Կալուգինը։ «Հանրապետության քաղաքացիների կայուն մեծամասնությունը պաշտպանում է Հայաստանում ռուսական ռազմակայանի շարունակական ներկայությունը, մի կառույց, որը տարիների ընթացքում դարձել է բազմաթիվ մարդկանց համար ձգողականության կենտրոն։ Սա ակնհայտ է գոնե պարբերաբար անցկացվող «բաց դռների» միջոցառումների նկատմամբ ցույց տրվող ուշադրությունից»,–եզրափակել է դիվանագետը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am